Ախալքալաքի ամենամեծ գյուղերից մեկի՝ Խանդոյի տները վերանորոգված են, սակայն ոչ բոլոր բարեկեցիկ տներում են տանտերերը ապրում։ Գյուղին սպառնացող մարտահրավերներից է արտագաղթը։

Մենք եղանք Խանդո գյուղի դպրոցում դասամիջոցին, զրուցեցինք աշակերտների հետ, թե ամենաշատը ինչն է իրենց դուր գալիս, առանց իրար հերթ տալու թվարկում էին այն ամենը, ինչը ավելի հարազատ է, նրանց խոսքում ամենաշատ հնչած բառերն էին՝ Խանդոն, ֆուտբոլը, ազգագրական երգն ու «Բնություն» առարկան: Նրանք միաժամանակ լռեցին, երբ տեսան արծիվների թռիչքը, այնուհետև շարունակեցին պատմել, որ գյուղում միշտ էլ արծիվներ թռչում են, հավանական է, որ քարանձավների մոտ են գնում:

khando 3

Պատմական հիշատակությունները, գյուղում առկա մշակութային կոթողները վկայում են այն մասին, որ Խանդոն տարածաշրջանի վաղ բնակեցված գյուղերից է եղել։ «Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարի» վկայությամբ 61 տուն է բնակվել գյուղում դեռ 16-րդ դարում։

khando 2

Չնայած գյուղից բավականին շատերը արտագաղթել կամ մեկնել են արտագնա աշխատանքի, այսօր էլ գյուղ մտնելով ակտիվություն է նկատվում, մարդիկ առանձնապես դժգոհություն չեն հայտնում, նրանց հուզող հիմնական հարցերը ճանապարհի և ջրի խնդիրն է։ Այս տարի նախատեսվում է դեպի գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ջրի խնդրի առումով, բնակիչները բողոքում են, որ համապատասխան խողովակները բարակ են և հաճախակի են վնասվում և գյուղը ջրազրկվում է, բնակիչները վերադառնում են հին օրերի բարքին՝ ձորից դույլերով ջուր բերելուն։

khando 1

Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է՝ կարտոֆիլագործությունը, սակայն բողոքում են, որ ունեն բերքի իրացման խնդիր։
«Որ շատ ենք ցանել, ինչ օգուտ ունենք, բերքը փչանում է առնող չկա, դեռ չեմ խոսում գնի մասին, մշակման ծախսը չի փակում, հետո էլ ասում են գյուղում մնան։ Գնացողներին մեղադրողը, թող գա էս պայմաններում ապրի», – ասում է Խանդոյի բնակիչը։

Իսկ գյուղի երիտասարդ բնակչի խոսքով, ժամանցի ու զբաղմունքի խնդիր էլ կա: Կրթություն ունեցողը չի կարող համապատասխան աշխատանք գտնել, ստիպված հեռանում է գյուղից, սակայն որոշներն էլ կարծում են, որ գյուղի պայմաններում սեփականն ստեղծելն ավելի խելամիտ է:

«Ճիշտ է դժվար է ու միանգամից չես հարստանա, սակայն տնից հեռու չես և արածդ լավ գործն էլ քո ու քո գյուղի համար է լինում», – ասում է խանդոցի երիտասարդը, ով գյուղում կրթական կենտրոն է հիմնել:

khando5

Գյուղում գործում է մանկապարտեզ, որը վերանորոգման կարիք ունի, վերջերս էլ գյուղացի բարերարների շնորհիվ բարեկարգվել է Խանդոյի հանդիսությունների սրահը:

khando4

Պատմական հուշարձաններից կանգուն են մնացել ճարտարապետական հետաքրքիր արվեստ ներկայացնող XII – XIII դդ-երի սրբատաշ քարե կառույց Ս. Գևորգ եկեղեցին և իջևանատունը։ Կան նաև արհեստական քարանձավներ, որոնք իրար են միացած ստորգետնյա անցուղիներով (մեկը իջնում է դեպի Փարվանա գետը)։ Խանդո գյուղում գործում է Սուրբ Խաչ եկեղեցին, որը կառուցվել է 1831 թվականին։ Գյուղի կառույցներին և բնապատկերին առաջարկում ենք ծանոթանալ մեր տեսնանյութում, որի կադրերը jnews-ին տրամադրել է Խանդոյի բնակիչը:

Սոնա Տոնականյան