Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում արդեն 10 օր է ջուր չկար` պատճառը ղադոլարցիների որոշումն է։ Ջուրը դարձել է կռվախնձոր երկու գյուղերի միջև:

Լոմատուրցխ մտնող ջրուղին անցնում է Ղադոլարից և, քանի որ Ղադոլարի բարձունքում գտնվող տներ ջուրը չի բարձրանում գյուղացիները փայտով փակել են դեպի Լոմատուրցխ տանող ջրի խողովակի անցքը։

Դեկտեմբերի 20-ին տեղական իշխանության ներկայացուցիչները այցելել են Ղադոլար և իրենց իսկ ձեռքով հեռացրել են խողովակի անցքը փակող փայտը, սակայն նրանց հեռանալուց անմիջապես հետո ղադոլարցիները կրկին անցքը փակել են և միայն առավոտյան Լոմատուրցխի բնակիչներն այն կրկին բացել են։

Լոմատուրցխի և Ղադոլարի ջրուղիների միացման հատվածը բացօթյա է, և ով ցանկանում փակում է ջրանցքը:

Ջրանցքի փակման խնդիրը գյուղում գոյություն ունեցել է և դեռ շարունակվում է, սակայն գյուղի բնակիչները այսուհետև որոշել են պատասխան քայլերի դիմել։

«Եթե այս վիճակում մնա, այսինքն փայտ չխփեն, մենք ջրի խնդիր չենք ունենա, ու ոչ էլ թեժ գիծ զանգելու կարիք կունենանք, ինչպես այս անգամ, իսկ եթե ոչ՝ ապա դպրոցը կփակենք միանշանակ, չենք թողնի երեխաներին առանց լվացվելու դպրոց գնան, ճանապարհը կփակենք, որից ոչ միայն Ղադոլարի բնակիչներն են օգտվում, այլ նաև մյուս գյուղերի բնակիչները։ Մեր հարցին պիտի լուծում տրվի»,- ասաց Լոմատուրցխի բնակիչը։

«Խնդիրը նրանում է, որ մենք բացի այդ ջրուղուց ուրիշը չունենք, իսկ իրենք այլընտրանք ունեն։ Եթե այս հարցը երկու օրվա ընթացքում չորոշվեց, կդիմենք Ախալցիխե, իսկ եթե ոչ՝ ապա կգնանք Բորժոմի մեր պատգամավորի մոտ»,- ասաց Լոմատուրցխ գյուղի բնակիչը։

Լոմատուրցխն ունի նաև նոր ջրագիծ, որը Բեժանոյից է գալիս, բայց այն դեռ շահագործման հանձնված չէ:

«Երեկ գնացել Կոթելիայից ջուր ենք բերել անասունների համար, լվացքը տանում հարևան գյուղերի բարեկամների տներն ենք անում։ Եթե հանկարծ ամբողջ ջրագիծը սառավ, մենք 3-4 ամիս կմնանք առանց ջրի»,- ասաց գյուղի բնակիչ Խաչատրյան Արտակը։

chivi

«Երեկ եկան տեղական իշխանության ներկայացուցիչները և մեզ զգուշացրեցին, որ հարևան գյուղեր ենք և ընդհանուր լեզու գտնենք, բայց մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք: Մինչև այս մենք նման խնդրի առջև չենք կանգնել, բայց քանի որ իրենց գյուղի որոշ բնակիչների ջուր չի գնում, որոշել են մեր գյուղի ջուրը փակեն: Անգամ ամոթ է, որ երկու գյուղ ենք ու ջուրը չենք կարող բաժանել: Վաղը Ախալցիխեից հանձնախումբ է գալու ջուրը չափեն և բաժանեն ըստ բնակիչների: Բացի այդ, նաև պիտի ջրամբարի բերանը փակեն, որ ով, ինչ ուզի չանի»,- մեզ հետ զրույցում ասաց Լոմատուրցխ գյուղի գյուղապետ Աղվան Բերակչյան:

Ստեղծված խնդրի շուրջ փորձեցինք զրույցել նաև Ղադոլար գյուղի գյուղապետի հետ, ով ասաց. «Երկու տարի առաջ եկան ջուրը չափեցին, բայց ջրի մեծ մասը իրենց բաժին հանեցին: Մեր գյուղի բնակիչներից մոտավորապես 30 ընտանիք ջուր չունի և դրա համար փակել են դեպի Լոմատուրցխ տանող ջրուղու անցքը: Վաղը կգան նորից կչափեն ու հարցը կլուծեն»,- ասաց Ղադոլարի գյուղապետ Դավիթ Այվազյանը:

Ինչպես կլուծվի երկու գյուղի ջրի խնդիրը, կտեսնենք վաղը:

Ջուլիետա Տոնականյան