Խաս Բախչա զբոսայգու մանկական խաղահրապարակը կրկին անմխիթար վիճակում է: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի կողմից վնասը վերականգնելուց մեկ տարի անց տարածքը կրկին վերանորոգման կարիք ունի։
Երեխաները միասին ճոճվում են Թամարա թագուհու փողոցից զբոսայգու մուտքի աջ կողմում տեղադրված ճոճանակների վրա։ Երբ ճոճանակները թափ են հավաքում, ծնողներից մեկը նկատում է, որ կոնստրուկցիայի սյուներից մեկը պոկվել է գետնից և ճոճվում է ճոճանակի հետ միասին:
Վնասվել են նաև զբոսայգու մեկ այլ հատվածում «թունելի» մակերեսները։
Գրեթե բոլոր ճոճանակների նստատեղերը վնասված են, երկաթե շղթաները ձեռքով կապված են իրար։
Նշենք նաև, որ անցյալ տարի զբոսայգում հայտնված ատրակցիոնը դեռ չի օգտագործվում։ Այն աշխատել է միայն մեկ օր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Ցավոք, Ախալքալաքի խաղահրապարակներում կոտրվածքները հազվադեպ չեն: Հաճախ դրանք առաջանում են հենց բնակիչների անփույթ վերաբերմունքից, ովքեր բարբարոսաբար են վերաբերվում ճոճանակներին և՝ ոչ միայն։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն այն բանից հետո, երբ Jnews-ը կապ հաստատեց իր հետ խնդրի մասին հայտնելու համար, ասաց, որ այս շաբաթ կզբաղվեն դրանով։
«Մենք անպայման կնայենք երկուշաբթի օրը, և շաբաթվա ընթացքում կվերանորոգենք այն ամենը, ինչ կկարողանանք», – մեկնաբանեց նա։