Օգոստոսին Հայաստանում կայանալիք Համահայկական խաղերին մարզիկների մասնակցության համար Ախալքալաքի մունիցիպալիտետը հատկացրել է 125 հազար լարի։

Համահայկական խաղերին Ախալքալաքի մունիցիպալիտետից կմասնակցի 60 հոգի՝ մարզիկներ և պատվիրակության անդամներ։ Մարզիկները հանդես կգան հետևյալ մարզաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, լող, բազկամարտ և վազք։

Համահայկական խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 7-ին և կտևեն 15 օր։ Բացումը տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ մարզական մրցումները՝ այլ քաղաքներում։

Հատկացված գումարից 111 հազ. լարին նախատեսված է 3-անգամյա սնունդով հյուրանոցի համար։ Հյուրանոցը կընտրվի մրցույթով։ Մնացած գումարը կուղղվի այս խաղերի մասնակիցների համար հատուկ սպորտային հագուստ պատվիրելուն։

Ախալքալաքի պատվիրակության կազմում կլինեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը վստահեցրեց, որ Հայաստան են մեկնելու միայն այն մարզիկները, ովքեր մասնակցելու են մրցումներին, նաև իշխանության ներկայացուցիչներ։

Հարցին, թե ախալքալաքցի մարզիկները խաղերին մասնակցության այսքան տարիների ընթացքում մրցանակներ շահե՞լ են, Վալերի Ստելմաշովը պատասխանեց հետեւյալը.

«Խաղերում այն մարզաձևերն են, որոնցում մենք այնքան էլ ուժեղ չենք, գալիս են աշխարհի տարբեր ծայրերից: Շախմատիստները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, սակայն հայտնվել են լավագույն տասնյակում, մենք հաղթանակներ ենք ունեցել նաև բազկամարտում և ատլետիկայում»:

Սա Համահայկական 8-րդ խաղերն են, վերջին անգամ դրանք անցկացվել էին 2019 թվականին։