Ախալքալաքում խոշոր կարտոֆիլագործներն արդեն սկսում են կարտոֆիլի բերքահավաքը, այստեղ արդեն սկսել են անհանգստանալ կարտոֆիլի իրացման համար: Համավարակային այս տարում ֆերմերներն ավելի շատ բերք են ստացել, քան նախկինում, չնայած մի մասը ստիպված են եղել դեն նետել, իսկ մի մասն էլ օգտագործել որպես անասնակեր: Կարտոֆիլի իրացման խնդիրը նոր չէ, բայց կորոնավիրուսի տարածմամբ և սահմանների փակմամբ այն կրկնակի անգամ բարդացել է: Բայց մեկ այլ կողմ էլ կա, համավարակը ստիպեց կարտոֆիլագործներին մտածել իրացման այլընտրանքային մեթոդների մասին: Իր հերթին, այդ մեթոդները նույնպես կապված են բազմաթիվ մարտահրավերների հետ, որոնք Ախալքալաքի ֆերմերը չի կարող միայնակ հաղթահարել:

Ախալքալաքցի ֆերմերները միշտ սպասում էին գնորդներին, ովքեր գալիս էին և տեղում կարտոֆիլը գնում: Համավարակի հետ ամեն ինչ փոխվեց, Ախալքալաքում այլևս չէիր հանդիպի սովորական վերավաճառողներին: Ֆերմերները գիտակցեցին, որ վաճառաշուկան և իրացման հնարավորությունները պետք է ինքնուրույն գտնեն:

Ջավախքում գնորդների պակասը զգացվում էր մի քանի պատճառներով.

2020 թ.-ին Ադրբեջան կարտոֆիլի արտահանման կրճատման պատճառով: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2019 թվականին Վրաստանից արտահանվել է 3 935,9 տոննա կարտոֆիլ: Այստեղից 80% -ը (3212.4 տոննա) արտահանվել է Ադրբեջան: Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականին արտահանման ընդհանուր ցուցանիշն աճել էր (4252,6 տոննա), Ադրբեջանի մասնաբաժինը կտրուկ նվազել էր՝ կազմելով ընդամենը 50% (2130,5 տոննա): Հարկ է նշել, որ Ջավախքում կարտոֆիլի հիմնական գնորդները մինչև 2020 թվականը վերավաճառողներն էին, ովքեր գյուղմթերքն ուղարկում էին Ադրբեջան:

Ներմուծման ավելացման պատճառով: 2020 թվականին Վրաստանում ավելի շատ կարտոֆիլ է արտադրվել, քան նախորդ տարիներին: Համավարակի պատճառով Վրաստանի ներսում պահանջարկը նվազել է, բայց չնայած դրան, երկիրը կարտոֆիլի ներմուծումն ավելացրել է 43% -ով (17,980.6 տոննա): Թուրքիայից ներմուծումը եռապատկվել է (8909.5 տոննա): 2020 թվականին հիմնական արտահանվող երկրից՝ Ադրբեջանից, ներմուծվել է ավելի շատ, քան արտահանվել է՝ 2466.6 տոննա:

Ախալքալաքում ավելացած բերքի պատճառով: 2020 -ին գրեթե 28% -ով ավելի կարտոֆիլ է հավաքվել, քան 2019 թվականին:

Սիմոն Մանանյանը կցանկանար իր մթերքն անձամբ արտահանել: Ֆերմերը չհասցրեց կապեր և արտահանման ուղիներ հաստատել մինչ կորոնավիրուսը, իսկ համավարակի սկսվելուց հետո ամեն ինչ ավելի բարդացավ:

«Սահմանները փակ են, այդ պատճառով մենք չենք կարող գնալ և պայմանավորվել կամ իրացնել: Այնտեղ անհրաժեշտ է մարդ, ով ընդունի ու վաճառի բեռը: Եթե սահմանները բաց լինեին, ես կգնայի: Իսկ այն, որ անհրաժեշտ է որակի սերտիֆիկատ, դա բարդ է, բայց լուծելի: Արտահանման դեպքում մեր պետությունը խնդիրներ չի ստեղծում: Այնուամենայնիվ, ես ուզում եմ, որ տեղացին զբաղվի արտահանմամբ, այդպես նա կգնի բարձր գնով, քանի որ երբ գալիս են այլ տեղերից, նրանք մեծ ծախսեր են ունենում, նրանք չեն կարող թանկ գնել: Խնդիրը համավարակի մեջ է, որ մենք չկարողացանք կարտոֆիլն արտահանել », – ասում է Սիմոն Մանանյանը:

Ի տարբերություն Սիմոն Մանանյանի, Արշալույս Գալստյանը հասցրեց կարգավորել արտահանումը, չնայած ոչ կարտոֆիլի: Ագանա գյուղի այս ֆերմերն արտերկիր է արտահանել սունելի (համեմունքներ): Նա կարծում է, որ տեղացի ֆերմերները չունեն բավարար տնտեսական և իրավական գիտելիքներ արտահանելու համար, և նրանց պետք է օգնել: Ըստ Արշալույսի, հենց այդ պատճառով է, որ կարտոֆիլ արտահանողները ստանում են կրկնակի ավելի շատ շահույթ, քան ֆերմերները:

Արշալույս Գալստյանը արդեն յոթ տարի է զբաղվում է համեմունքների արտահանմամբ, իսկ աճեցմամբ՝ մոտ 25 տարի: Փորձում է դա վերածել մեծ բիզնեսի: Մինչ համավարակը, արտադրանքն արտահանվում էր միջնորդների միջոցով: Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել, սահմանները փակվեցին, շահույթը նվազեց, և Արշալույսը որոշեց արտադրանքը արտահանել առանց միջնորդների և բախվեց խնդիրների: Երբ նա փորձեց փաստաթղթերը կարգավորել արտահանելու համար, Ախալքալաք նրան ասացին, որ նա պետք է գրանցվի, ունենա ինչ-որ փաստաթղթեր, ու այդ փաստաթղթերի կարգավորման գործընթացն առաջ չէր շարժվում: Բաթումից, սակայն, նա հաջողեց փաստաթղթերը հեշտորեն և առանց գրանցման կարգավորել: Ֆինանսների նախարարության տվյալներով, նախորդ տարիների համեմատ, 2020 թվականին համեմունքների արտահանման ցուցանիշը աճել է գրեթե երեք անգամ՝ կազմելով 478,9 կիլոգրամ:

Բացի արտահանումից, Սիմոն Մանանյանն աճեցված արտադրանքն իրացնելու եւս մեկ հնարավորություն է համարում դրա մշակումը: Ֆերմերի համար սա կարծես թե հեշտ գործ չի թվում: Ով սկսում է արտադրություն, պետք է հաշվի առնի բոլոր մանրուքները, այլապես նա կարող է բախվել նաև արդեն վերամշակված արտադրանքն իրացնելու խնդրին:

«Եթե նման արտադրություն լինի, դա լավ կլինի շրջանի համար, բայց դա կապված է ծախսերի հետ, դա պետք է սկսի այն մարդը, ով կարող է լուծել իրացման հարցը», – ասում է Մանանյանը:

Հիմնվելով Jnews-ի ֆերմերների հետ ունեցած բազմաթիվ հարցազրույցների վրա, կարելի է եզրակացնել, որ կարտոֆիլագործների մեծ մասը համարում է, որ իրենց գործն աճեցնելն է, իսկ արտահանման և վերամշակման համար նրանք ժամանակ չունեն: Նրանց կարծիքով, դրանով պետք է զբաղվեն ուրիշները:

Տնտեսագետ և գյուղատնտեսության փորձագետ Սալոմե Գելաշվիլին կարծում է, որ իրացման խնդիրը մի քանի պատճառ ունի: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում ցուցաբերել:

Նախևառաջ, իրացման գործընթացը պետք է պլանավորվի կարտոֆիլը ցանելուց առաջ:

«Ֆերմերը պետք է գնահատի, թե մոտավորապես որքան կարող է իրացնել, որպեսզի կարտոֆիլը ցանելուց առաջ պատկերացում ունենա, թե որքան կարող է վաճառել: Երբ դա տեղի է ունենում քաոսային կերպով, ապա դա կայուն չէ, շուկան կարող է տարեցտարի փոխվել, և, ըստ երևույթին, դա հենց այդպես էլ տեղի է ունենում »:

Սալոմե Գելաշվիլին երկրորդ պատճառը համարում է այն, որ գյուղատնտեսությունն առանց մեծ տնտեսությունների, որում կմիավորվեն բազմաթիվ ֆերմերներ, մրցունակ չէ:

Ըստ փորձագետի, ֆերմերների միավորումը ասոցիացիաներում, կոոպերատիվներում կհեշտացնի վաճառաշուկա գտնելու գործընթացը, իսկ վերամշակումը դա առանձին, ոչ հեշտ գործընթաց է, որը, արդյունավետություն ունենալու համար, նույնպես պետք է համակողմանիորեն ընկալվի և իրացվի:

«Ցանկացած ձեռնարկություն դա մեծ ներդրում է, այն պետք է սկսել բիզնես պլանից, որը պետք է ունենա վաճառաշուկայի որոշակի վերլուծություն: Պետք է լինի ֆերմերների խումբ, նրանք պետք է ունենան մարդ, ով գլուխ կհանի PR-ից, ֆինանսներից, շուկայավարումից: Ձեռնարկությունը չի կարող գոյություն ունենալ պարզապես ֆերմերներից կարտոֆիլ գնելու համար»:

Սալոմե Գելաշվիլին ֆերմերներին առաջարկում է համագործակցել արդեն իսկ գոյություն ունեցող ձեռնարկությունների հետ:

Ախալքալաքի Բիզնես-կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը լավատեսորեն չի նայում կարտոֆիլի վերամշակման գործարանի բացմանը:

«Խնդիրները շատ են, առաջ կգա արդեն պատրաստի արտադրանքի իրացման հարցը», – ասում է Մացուկատովը:

Ախալքալաքում կարտոֆիլի վերամշակման գործարան չկա: Սամցխե-Ջավախքում գործում է միայն երկու այդպիսի արտադրամաս` Ախալցիխեի մունիցիպալիտետի «Ֆրեկո» ՍՊԸ-ն, և ևս մեկը գրանցված է Ադիգենիի մունիցիպալիտետում՝ անհատ ձեռնարկատեր Ժուժունա Դեմետրաձեի անունով:

«Ֆրեկո» ՍՊԸ -ն արտադրում է կարտոֆիլի չիպսեր և ֆրի: Իր արտադրության համար ընկերությունը կարտոֆիլը գնում է հիմնականում Ախալքալաքից:

Համավարակի պատճառով ընկերությունը դժվարանում է կարտոֆիլ-ֆրին արտադրել, քանի որ ռեստորանները, հյուրանոցներն ու սրճարանները փակվել են: «Ֆրեկո»- ն համավարակի սկզբից դադարեցրել է կարտոֆիլ-ֆրիի արտադրությունը, բայց շարունակում է չիպսերի արտադրությունը:

«Քանի որ կարտոֆիլը հիմնականում գնում են ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, մենք համավարակի պատճառով փակվեցինք և չէինք աշխատում: Սեպտեմբերից մենք կբացվենք և կսկսենք աշխատել ֆրիի արտադրությամբ: Չիպսերի արտադրության ուղղությամբ խնդիրներ չեն առաջացել: Մենք կարտոֆիլը գնում ենք հիմնականում Ախալքալաքից, իսկ վաղահաս կարտոֆիլը՝ Քարելիից, Բոլնիսիից », – ասում է ընկերության ներկայացուցիչ Իրակլի Քուրդաձեն:

Ախալքալաքում 2020 թվականին աճեցվել է ավելի քան 218 հազար տոննա կարտոֆիլ: «Ֆրեկո» ընկերությունը տարեկան օգտագործում է ընդամենը 1000 տոննա:

Ընկերությունն արտահանման հետ խնդիրներ չունի: Չիպսերն արտահանվում են Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Լիտվա, Ռուսաստան և Հոնկոնգ: Չիպսերի արտադրության վրա աշխատում է մոտ 100 մարդ, իսկ կարտոֆիլ-ֆրիի` 50 աշխատակից:

«Ֆրեկո» ՍՊԸ -ն Ախալքալաքում չի պատրաստվում արտադրամասի մասնաճյուղ բացել, սակայն այստեղ մեծացնում է իր գնումները: Կարտոֆիլի որակը և սորտը, սակայն, պետք է համապատասխանի ստանդարտներին: Ախալքալաքում ընկերությունը մեծ պահեստ է բացել, որտեղ, արտադրության համար, կարտոֆիլ կընդունի և կտեսակավորի: Նրանք արդեն պայմանագիր ունեն 30 ֆերմերների հետ:

«Մենք աշխատում ենք պայմանագրով, այնտեղ գրված են բոլոր պայմանները: Ֆերմերներն արդեն գիտեն և ցանում են մեզ անհրաժեշտ կարտոֆիլի սորտերը: Մենք պայմանավորվել ենք 1000 տոննայի համար, այն կընդունենք ֆերմերներից, եթե համապատասխանի մեր չափանիշներին », – ասում է Իրակլի Քուրդաձեն:

Ախալքալաքի Բիզնես-կենտրոնի և «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի տնօրենը կարծում է, որ իրացման հետ կապված խնդիրներից խուսափելու համար ֆերմերները, առաջին հերթին, պետք է լրջորեն աշխատեն որակի վրա: Եթե կարտոֆիլի որակը բարելավվի, գնորդներ կգտնվեն ինչպես այստեղից, այնպես էլ արտերկրից:

«Մեր ֆերմերներին իսկապես պետք է բարելավել իրենց կարտոֆիլի որակը և նվազեցնել նիտրատների քանակը, նրանք անխնա հողը լցոնում են նիտրատով: Այս գործընթացը չի վերահսկվում: Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո մեր հողերում ոչինչ չի աճի », – ասում է Մախարե Մացուկատովը:

Ձեռք բերելով արտահանման առումով փորձ, ֆերմեր Արշալույս Գալստյանը կարծում է, որ խնդիրը կլուծվի, եթե ֆերմերները կարտոֆիլ աճեցնելուն նայեն որպես բիզնես, այլ ոչ թե այն միայն դիտարկեն որպես եկամտի աղբյուր:

«Երբ գյուղատնտեսությունն անցնի մի քանի հոգու ձեռք, չնայած դա վշտալի է, այդ ժամանակ էլ գյուղատնտեսությունը կզարգանա», – ասում է Արշալույսը:

Պետության կողմից չկան շատ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոնկրետ կարտոֆիլագործների աջակցությանը: Դա հիմնականում գյուղատնտեսական ապահովագրությունն է, որը վերաբերում է նաև կարտոֆիլի դաշտերին, բայց որը ճանաչում չի վայելում Ախալքալաքում, և գյուղտեխնիկայի համաֆինանսավորումը: 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկել է նաև գյուղտեխնիկայի համաֆինանսավորման ծրագիրը, որի համաձայն պետությունը ֆինանսապես կօգնի գյուղտեխնիկայի և ագրեգատների ձեռքբերման գործում:

Ջավախքում կարտոֆիլի իրացման խնդիրը, ինչպես պարզ դարձավ փոքր ուսումնասիրությունից, համակողմանի է: Ֆերմերի մոտեցումից ընդհուպ պետական մակարդակով ներմուծումը և արտահանման հաշվարկը կան թերություններ: Համավարակը խորացրել է արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրը:

Մախարե Մացուկատովը ենթադրում է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում բերքը կլինի այնչափ, որքան նախորդ տարի էր, գուցե նույնիսկ մի քիչ ավելի: Միջին բերքատվությունը նույնն է, իսկ ցանքատարածքը նույնպես առանձնապես չի տարբերվում: Այսօր Ախալքալաքում կարտոֆիլը գնվում է 70-80 թեթրիով և արտահանվում Ռուսաստան: Թուրքիայից, սակայն, կարտոֆիլ է բերվել, որը Վրաստանի շուկայում արժե 50-60 թեթրի: Մացուկատովը կարծում է, որ Ախալքալաքի կարտոֆիլի իրացման վիճակը կախված է արտահանող և ներմուծող երկրներում կարտոֆիլի հետ կապված իրավիճակից: Քանի որ կարտոֆիլի պահանջարկը և երկրի ներսում սպառումը մնում է նույնը՝ սահմանափակ, համավարակի պատճառով, և այդ իրավիճակը կարող է միայն փոխել համաճարակային դրությունը: Դե իսկ կարտոֆիլի առկայությունը Վրաստանի և արտահանող երկրների շուկայում կարող է սահմանել Ախալքալաքի կարտոֆիլի գինը և դրա պահանջարկը:

kartofel