Արձակուրդները սկսվում են, սակայն շատ ծնողներ մտածում են, թե ինչ զբաղմունք առաջարկել իրենց երեխաներին ամռանը։ Jnews-ը պարզել է, թե ամառային արձակուրդներին Ախալքալաքի որ կրթամշակութային հաստատություններն են մնում բաց, իսկ որոնք են փակվում։
Մեկ շաբաթից կմեկնարկեն երեխաների դպրոցական արձակուրդները, մունիցիպալիտետի մանկապարտեզները կհանգստանան կա՛մ մեկ ամիս, կա՛մ երկու ամիս, կոնկրետ որոշում դեռ չկա։
Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցն արձակուրդի չի անցնում և ամառային արձակուրդների ընթացքում հասանելի է մնում երեխաների համար: Ներկայումս դպրոցում սովորում է 50 աշակերտ։
Ախալքալաքի Ապագայի տունը նույնպես արձակուրդի չի անցնում և կշարունակի աշխատել ամբողջ ամառ։ Նոր աշակերտների պաշտոնական ընդունելությունը կսկսվի սեպտեմբերին, սակայն ծնողները կարող են իրենց երեխաներին գրանցել որոշ խմբակներում (ձեռագործություն) ամռանը ևս:
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը հուլիսի կեսերից բացում է ամառային ճամբար, իսկ օգոստոսի 10-ից սեպտեմբերի 1-ը անցնում է արձակուրդի։ Ճամբարին կարող են մասնակցել հիմնականում կենտրոնի սաները։
Ախալքալաքի Երաժշտական դպրոցը հունիսի 28-ին արձակուրդի է անցնում, իսկ դասերին վերադառնում է սեպտեմբերի 15-ին։ Հունիսի 28-ին դպրոցում տեղի կունենա հաշվետու համերգ։
Ախալքալաքի մարզադպրոցն աշխատելու է մինչև հուլիսի վերջ-օգոստոսի սկիզբ, սակայն նոր աշակերտների ընդունելությունը կսկսվի միայն սեպտեմբերին։