Ըստ Աշխատանքային պայմանների տեսչության վարչության՝ այս անգամ ստուգված 710 մանկապարտեզներից 625-ը բավարարում են Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ մշակված պահանջներին: Ախալքալաքի մանկապարտեզները նույնպես պատրաստ են բացել իրենց դռները:
Վրաստանի ամբողջ տարածքում ստուգված մանկապարտեզներից 85-ը չեն բավարարել Առողջապահության նախարարության պահանջներին: Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումից JNEWS-ին ասացին, որ Ախալքալաքի մանկապարտեզները չկան այն մանկապարտեզների ցանկում, որոնք ստուգումը չեն անցել:
«Միակ դիտողությունը վերաբերում էր №3 մանկապարտեզին: Քանի որ երեխաների համար օրվա ընթացքում քնելու հնարավորություն կա, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լվացքի մեքենա: Այս պահին մենք լվացքի մեքենա ձեռք բերելու հնարավորություն չունենք: Ուստի, ամենայն հավանականությամբ, երեխաները մանկապարտեզում չեն քնի», – ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:
Այս պահին ամբողջ Վրաստանում մանկապարտեզների ստուգումն ակտիվ փուլում է և կտևի մինչև հոկտեմբերի 12-ը: Վրաստանում մանկապարտեզները, ներառյալ Ախալքալաքի մանկապարտեզները, կբացվեն հոկտեմբերի 12-ին, բացառությամբ Աջարիայի տարածաշրջանի: Համավարակի հետ կապված Առողջապահության նախարարությունն արդեն մշակել է առաջարկություններ, որոնց հետևելով էլ մանկապարտեզներում կվերսկսվի ուսումնական գործընթացը: