Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագծում ներառված չէ տեղական իշխանությունների խոստացած՝ մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի աշխատանքը փորձարկելու համար ավտոմեքենա գնելու կետը։ Խոստումը տրվել է հանրության խնդրագրի արդյունքում՝ մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտ կազմակերպելու խնդրանքով։

Բյուջեի նախագծում, չնայած որոշվել է ուշադրություն դարձնել այս խնդրին, գյուղերում և Ախալքալաքում հասարակական տրանսպորտի փորձնական ապահովման ծախսերը ներառված չեն։ Քաղաքապետարանից պատճառը չանվանեցին, սակայն ասացին, որ բյուջեի նախագծում այս կետը ներառված չէ, բայց աշխատանքները կիրականացվեն 2024 թվականի ընթացքում՝ բյուջեի փոփոխությունների արդյունքում։

Այն, որ մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի խնդիրը կարևոր է, քննարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերում այն բանից հետո, երբ տեղական ինքնակառավարման օրենսդիր մարմինն այս հարցով խնդրագիր է ստացել։ Պատգամավորները նշում են, որ գյուղի բնակիչները չեն կարող օգտվել համայնքային և պետական ծառայություններից։ Օրինակ՝ նրանք չեն կարող հաճախել երաժշտական դպրոց, սպորտային խմբակներ, գեղարվեստի դպրոց և այլն։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց, որ տրանսպորտի հարցը կլուծվի։ Փորձնական ավտոբուսը/երթուղային տաքսին պետք է գործի մեկ ուղղությամբ՝ հասկանալու համար, թե արդյոք խնդիրն արդիական է:

«Քաղաքապետը խոստացել է, որ մեքենա կլինի: Բյուջեով դա նախատեսված չէ, բայց անցողիկ բյուջեից մենք շատ ֆինանսներ կունենանք, մնացորդներ կլինեն: Մենք հաջորդ տարի անպայման կունենանք այս կետը»,- ասում է Նաիրի Իրիցյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբից խնդրագիր էր ներկայացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո։ Խնդրագիրը քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու մասին էր։

Սակրեբուլոյում պատգամավորները համաձայնեցին, որ, իրոք, մունիցիպալիտետը հասարակական տրանսպորտի կարիք ունի, և հավանություն տվեցին մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Սակրեբուլոյի բյուրոն հավանություն էր տվել խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկել քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։ Քաղաքապետարանը ըմբռնումով է ընդունել այդ գաղափարը, բայց նաև դրա դեմ բազմաթիվ փաստարկներ է ունեցել, այդ թվում՝ մունիցիպալիտետն ունի շատ ավելի կարևոր խնդիրներ՝ ճանապարհի, խմելու ջրի բացակայության, և առավել ևս, որ հնարավոր չի լինի տրանսպորտով ապահովել միանգամից բոլոր գյուղերը, ինչն իր հերթին կառաջացնի բնակչության դժգոհությունը։ Նաև հասարակական տրանսպորտի կարգավորման դժվարությունը։ Այնուամենայնիվ, ի վերջո որոշումը կայացվեց։

«Մենք կունենանք փորձնական մեկ երթուղի, որպեսզի տեսնենք՝ այն կաշխատի, թե ոչ։ Եթե հասարակական տրանսպորտը չաշխատի, ապա մենք կարող ենք այս տրանսպորտը օգտագործել մեր մունիցիպալիտետի կարիքների համար։ Ուստի հաջորդ տարվա բյուջեում դրա համար հաշվի ենք առնելու 200 հազար լարի։ Եթե կարողանանք մասնակցել դրամաշնորհային ծրագրերին, և նրանք մեզ օգնեն, լավ կլինի, եթե ոչ, ապա մեր միջոցներով կգնենք տրանսպորտ։ Մենք կուսումնասիրենք նաև մեր հարևան մունիցիպալիտետների փորձն այս հարցում, որոնք արդեն իսկ իրականացնում են նմանատիպ ծրագրեր», – այս հարցով 2023 թվականի հունիսի 15-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Դրանից հետո Jnews-ը հետևողական էր այս հարցում և քաղաքապետարանից պարբերաբար հարցնում էր, թե արդյոք հանրային տրանսպորտի ապահովման հարցը ներառվելու է 2024 թվականի բյուջեում, ինչին դրական պատասխան էր ստանում։ Եվ սրանից հետո էլ է Jnews-ը հետևողական լինելու այս հարցում, քանի որ մունիցիպալիտետի բնակչության համար հասարակական տրանսպորտի կարիքն ավելի ու ավելի սուր է զգացվում։