Ախալքալաքում կրկին ապատեղեկատվություն է տարածվել: Վարորդները միմյանց պատմում են, որ Ախալքալաքում և Նինոծմինդայում գրանցված մեքենաները պարտավոր չեն տեխզննում անցնել: Այնուամենայնիվ, դա ճիշտ չէ: Տեխզննումից ազատվում են միայն այն մեքենաները, որոնց 4 տարին դեռ չի լրացել:

«Green Way» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տեխզննման ղեկավար Մալխազ Նադիրաձեի խոսքով՝ բոլոր տրանսպորտային միջոցները պետք է տեխզննում անցնեն:

«Տեղեկատվությունն այն մասին, որ Ախալքալաքում և Նինոծմինդայում գրանցված մեքենաները չպետք է անցնեն տեխզննում, չի համապատասխանում իրականությանը», – ասում է Մալխազ Նադիրաձեն:

Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տեխզննման աշխատակցի, հնարավոր է, որ այս պահին Ախալքալաքում տեսախցիկները չեն աշխատում, ուստի և վարորդներին տուգանքներ չեն գալիս:

«Միգուցե տեխզննման համար վարորդներին տուգանքներ չեն գալիս, և նրանք մտածում են, որ տեխզննումը չեղյալ է հայտարարվել», – ասում է տեխզննման աշխատակիցը:

Ներքին գործերի նախարարության Jnews-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, խելացի տեսախցիկները գործում են միայն այն տարածքներում, որտեղ նախատեսված և տեղադրված են նախազգուշացման բոլոր անհրաժեշտ ճանապարհային նշանները, և որտեղ կան ճանապարհային գծանշումներ:

Ստացվում է, որ կենտրոնական փողոցներում նորոգման աշխատանքներն ավարտվելուց հետո Ախալքալաքում խելացի տեսախցիկները կսկսեն աշխատել և կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ նախազգուշացման և արգելման ճանապարհային նշանները:

Որպեսզի հերթ չկանգնեք, Դուք կարող եք գրանցվել առցանց՝ www.pti.ge կայքում: Հենց այստեղ կարող եք նաև ընտրել համապատասխան տեխզննման կենտրոնը: Գրանցվելուց հետո Ձեր ներկայացրած հեռախոսահամարին կստանաք տեղեկություն, որտեղ նշված կլինի կենտրոնի ճշգրիտ հասցեն և պատվերի համարը:

Կարող եք գրանցվել նաև հեռախոսով, անվճար զանգահարելով թեժ գիծ՝ 14-84: Թեժ գիծը չի գործում շաբաթ և կիրակի օրերին, սակայն մյուս օրերին կարող եք զանգահարել ժամը 9:00-ից մինչև 18:00-ն։

Մեկ մեքենայի տեխզննումը տևում է 15-ից 40 րոպե, կախված մեքենայից: Օրինակ, ավտոբուսները տեխզննումն անցնում են 35-40 րոպեում, միջին մեքենաները՝ 25-30 րոպեում, իսկ թեթև մարդատար մեքենաների համար անհրաժեշտ է 15-20 րոպե:

Նախքան տեխզննումն անցնելն անհրաժեշտ է ստուգել՝

1. Բոլոր արտաքին լուսավորության սարքավորումների սարքին լինելը

2. Սարքին պետք է լինեն մեքենայի ապակեմաքրիչները

3. Ձեռնարգելակը պետք է պատշաճ կերպով աշխատի

4. Անվադողերը չպետք է ճաղատ լինեն

5. Կեղտոտ ավտոմեքենաներին թույլ չեն տալիս անցնել տեխզննումը, հետևաբար պետք է հոգ տանել Ձեր մեքենայի արտաքին մաքրության մասին նախօրոք:

Բրատիսլավ Իգիթխանյան