Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը հայտարարություն են տարածում Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ։
«Եվրամիությունն աջակցում է վրաց ժողովրդին և նրա ընտրությանը՝ ի նպաստ ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի։ Քաղաքացիական հասարակության անդամների, քաղաքական առաջնորդների և լրագրողների, ինչպես նաև նրանց ընտանիքների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այս փաստագրված գործողությունները։
Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ կիրականացվեն համապատասխան ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրահանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականով։ Այս քայլերը պահանջում են, որ մարդու իրավունքները լինեն պաշտպանված, և որ քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև լրատվամիջոցները կարողանան ազատորեն գործել: Նրանք նաև շոշափում են ապաբևեռացման և ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Չնայած դրան, և չնայած մեծամասշտաբ բողոքի ցույցերին և միջազգային հանրության հստակ կոչերին, Վրաստանի կառավարության իշխող մեծամասնությունը խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Եվրամիությունը հստակ և բազմիցս հայտարարել է, որ օրենքի ոգին և բովանդակությունը համահունչ չեն Եվրամիության հիմնական նորմերին և արժեքներին։ Սա խաթարում է քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ-ների աշխատանքը, և հավաքների ազատությունն ու արտահայտվելու ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք հիմքում են Վրաստանի պարտավորություններն Ասոցացման համաձայնագրով և ԵՄ-ին միանալու ճանապարհին:
Այս օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն ճանապարհին առաջընթացի վրա։ Ապագա ճանապարհի ընտրությունը Վրաստանի ձեռքերում է: Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրենքը, հավատարիմ մնալ ԵՄ ճանապարհին և առաջ մղել անհրաժեշտ բարեփոխումները, որոնք մանրամասն նկարագրված են ինը քայլերում։
Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել վրացիներին, ովքեր ձգտում են դեպի եվրոպական ապագա»,- ասված է հայտարարության մեջ։