Վերջին տվյալներով՝ Վրաստանում գույքահարկի հայտարարագիր է ներկայացրել 301 826 մարդ, ընդհանուր կուտակված գումարը կազմել է 75 178 005 լարի (մոտ 24 մլն. ԱՄՆ դոլար)։ Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ին լրանում է ֆիզիկական անձանց հայտարարագրած գույքահարկի վճարման ժամկետը։ Հայտարարագրի լրացման ժամկետը լրացել է նոյեմբերի 1-ին։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են մուտք գործել այս կայք կամ զանգահարել Տեղեկա-խորհրդատվական կենտրոն՝ (+995 32) 2 299 299 հեռախոսահամարով։
Գերատեսչությունը նշում է, որ հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավոր կատարման գործընթացում արդյունավետությունն իրենց առաջնահերթությունն է հանդիսանում, ուստի Եկամուտների ծառայությունը մշտապես վերահսկում է պարտավորություններ ունեցող հարկ վճարող քաղաքացիներին։