Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։ Երեխաները շարժման անդամներին դիմավորել են փուչիկներով, իսկ քաղաքացիները նրանց բաժանել են Ժինգյալով հաց։
«Այս երթը դեմքերի մասին չէ։ Սա մարդկանց սրտերում ամեն տեսակ տառապանքներից ու նվաստացումներից ազատվելու, ինքնամաքրվելու, ինքնաճանաչման ու ինքնագնահատականի ձեռքբերման շարժում է»,- ասում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ըստ նրա՝ սա հաշտեցման լայն օրակարգ է, ատելություն կամ թշնամանք չկա։ «Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում հոգին հաղթեց «ոգուն», այս ճանապարհը պետք է դառնա եռագույնի՝ սևի ու սպիտակի նկատմամբ հաղթանակի պատճառն ու միջոցը։ Հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին։ Իրական Հայաստանը պետք է հաղթի կեղծ, ֆեյսբուքյան Հայաստանին»,- ասում է արքեպիսկոպոսը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացել են Նորատուսի, Գավառի և Վարդենիսի բնակիչները։ Նրանք իրենց զորակցությունն են հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Ցուցարարները ձեռքերին ցուցապաստառներով շարժման անդամների հետ շարժվում են դեպի Երևան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացել են երգիչ Արամոն, նրա եղբայրը և մշակույթի այլ գործիչներ։ Նրանք մոտեցել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, Սուրեն Պետրոսյանին և իրենց աջակցությունը հայտնել։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն երրորդն է՝ շարունակում են երթը դեպի մայրաքաղաք։ Այսօր երթը մեկնարկել է Սևանի թերակղզու խաչմերուկից։ Համաժողովրդական բողոքի պատճառը Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի պահանջներին միակողմանի զիջումներն են։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երրորդ օրն է երթ են անցկացնում, որը սկսվել է Կիրանցից։ Նրանք մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Երևանի Հանրապետության հրապարակ։