Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», – ասված է արձանագրության մեջ:
Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը:
Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։