Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է գյուղատնտեսական նշանակության հողերի անվճար գրանցումը: Պետական ռեգիստրի աշխատակիցները միաժամանակ աշխատում են մի քանի գյուղերում, սակայն դեռևս ոչ մի գյուղում չեն ավարտել չափագրման և ստուգման գործընթացը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարվա փետրվարին վերսկսվել է գյուղատնտեսական նշանակության հողերի անվճար գրանցումը։ Տեղանքի ստուգման և ճշտման աշխատանքները սկսվել են Կուլիկամ գյուղից, բայց գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ ո՛չ Կուլիկամ գյուղում, ո՛չ էլ մյուս գյուղերում։

Կուլիկամ գյուղի գյուղապետի ներկայացուցիչ Ալիկ Ուզունյանի խոսքով, չափագրումները ճշտող աշխատողները գյուղի շատ բնակիչների տներ դեռ չեն մտել։

Գյուղերում աշխատանքները իրականացվում են չհամակարգված: Որոշ գյուղերում խումբն աշխատել է մի քանի օր և կարողացել է անցնել շատ բնակիչների տներով։ Պետռեգիստրի աշխատակիցները դեռ չեն մտել Սուլդա գյուղ: Դադեշ գյուղում ընդամենը մեկ օր են աշխատել ու գնացել։

«Մի օր են եղել մեր գյուղում, մարտի վերջին, մենակ գյուղում էին աշխատում, ասացին, որ վաղը կգան ու մինչև հիմա չեն եկել ու չգիտենք երբ են գալու»,- ասաց Դադեշ գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը:

Նրա խոսքով, մեկ օրում իրենք ճշտել են բնակչության մոտավորապես 30 տոկոսի չափումները։ Դադեշ գյուղում աշխատող խմբում հինգ հոգի են եղել։

Վաչիան գյուղում, ըստ քաղաքապետի ներկայացուցիչ Ֆեդյա Թորոսյանի, չափվել է բնակչության 85 տոկոսի հողերը։

«Եղել են մի քանի դեպքեր, երբ աշխատողներին հասանելի տվյալները եղել են ոչ ճշգրիտ, մի բնակչի հողամասը ընկել է մյուսի հողամասի վրա, եթե սեփականատերը ներկա է եղել, ուղղել են, բայց եղել են դեպքեր, որոնք իրենց իրավասության մեջ չեն եղել և մարդկանց ուղարկել են պետռեգիստր»,- ասաց Ֆեդյա Թորոսյանը։

Ազավրեթ գյուղում աշխատել են 10 օր ու գնացել։ Քաղաքապետի ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանի խոսքով, գյուղում հաշվառման ընթացակարգն ավարտված չէ, թեև կատարվել են տների և հողամասերի չափագրումներ։

«Սկզբում, տները չափագրելիս չորս աշխատող կար, հիմա՝ երկուսն են։ Կարծում եմ, խնդիրները ի հայտ կգան հետո, հիմա ուղղակի չափում են ու գնում։ Մնում է 15-20 տուն չափագրեն ու ստուգեն, ուղղակի այս տների բնակիչները տների չափագրման ժամանակ չեն եղել տանը, իսկ մեծամասնության հողամասերի չափագրումները դեռ չեն արվել»,- ասաց Բագրատ Զաքարյանը։

Նրա խոսքով, գյուղի բնակիչների մոտ 85%-ի հողի չափագրումը չի կատարվել, իսկ տներինը՝ 13-15%-ինը։

Փոքր Սամսար գյուղում սկսվել են միայն տների և տնամերձ հողամասերի չափագրումներն ու ստուգումները։

«Ընդամենը 15 տուն են ստուգել, չափագրել ու գնացել են»,- ասաց Փոքրիկ Սամսար գյուղի մասնագետ Մուշեղ Ավագյանը։

Դիլիսկա գյուղում գրանցումը չի ավարտվել, որտեղ չափումներ և ստուգումներ են իրականացվել դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ, նրանք Դիլիսկա գյուղում, մեկ ամսում, չափագրել են գյուղի բնակիչների 17 տոկոսինը, այն էլ միայն տներն ու տնամերձ հողամասերը։ Դրանից հետո Դիլիսկա գյուղում աշխատանքները չեն վերսկսվել։

Նշենք, որ հին սերնդի GPS սարքերը, համեմատած նորագույն սարքերի հետ, այնքան էլ ճշգրիտ չէին աշխատում: Որպես հիմք վերցված տվյալները հավաքագրվել են հին սարքերի միջոցով, 2000-ականների սկզբին:

Գրանցման ժամանակ, եթե պետական ռեգիստրի աշխատակիցները իրավասու չեն տեղում հարցեր լուծել, բնակիչներին ուղղորդում են պետռեգիստր, իսկ նրանք, գրանցման համար, ուղարկում են քաղաքապետարան:

Ախալքալաքի քաղաքապետարանի վարչաիրավական հարցերի բաժնի պետ Թեյմուրազ Մանվելյանն ասում է, որ իրենք մտնում են բնակիչների դրության մեջ և գրանցում են, չնայած դա իրենց պարտականությունը չէ։

Թեյմուրազ Մանվելյանի խոսքով, իրենք մի քանի անգամ պարզաբանել են ռեգիստրի աշխատակիցների և բնակիչների միջև ստեղծված իրավիճակը, երբ նրանք լեզվական խնդիրների պատճառով միմյանց չեն հասկացել։

Հանրային ռեգիստրի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ գրանցման ընթացքում նոր գծագրեր են կատարվում, և այս ամբողջ աշխատանքն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։