
Ինչպես արդեն հայտնել էր Jnews.ge-ին, Խուլգումո գյուղում գնվել է բնակելի շենք և վերանորոգվել որպես մանկապարտեզ։ Բնակիչները, չնայած մտահոգված են, որ մանկապարտեզի շենքի վրայով անցնում է բարձր լարման մալուխ, սակայն նախակրթարանի բացմանը շատ են սպասում:
Խուլգումոյի մանկապարտեզի շենքը գրեթե պատրաստ է, մնացել են մանր աշխատանքներ: Աստիճաններին պետք է աստիճանասյուներ ավելացնել, դեպի զուգարան ջրագիծ անցկացնել և իհարկե կահույքով ապահովել։
Խուլգումո գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանն ասաց, որ սպասում են կահույքի։
«Ես խոսեցի Զառա Բարբարյանի հետ և նա ասաց, որ կահույքի կեսը արդեն պատվիրել են, ընթացքում ամբողջ կահույքը կլինի և մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման»:
Մանկապարտեզի շենքը 4 սենյակից է բաղկացած, 43 երեխա կարող է ընդունել։ Ըստ Մովսես Գիգոլյանի, մինչև հունիս կավարտեն աշխատանքները, քանզի շատ քիչ գործ է մնացել։
Գյուղի բնակիչներին անհանգստացնում է շենքի վերևով անցնող էլեկտրալարերի անվտանգության հարցը։
Սակայն մասնագետ Մովսես Գիգոլյանն ասաց, որ այդ էլեկտրալարերն կտուրին այդքան էլ մոտ չեն և վտանգ չեն առաջացնի։
Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասաց.
«Շենքն ընդունված է, աստիճաններին կավելացնենք աստիճանասյուներ, շենքի հետին մասի կտուրից կաթում է, դա էլ կկարգավորենք և վերջնական տեսքի կբերենք, խնդիրն այն էր, որ գազի միացման աշխատանքները ուշ եղան»։
Սվետլանա Չիվչյանը սպասում է գյուղի մանկապարտեզին, որպեսզի իր երրորդ թոռնիկին այնտեղ ուղարկի։
«Բոլորն էլ գյուղում սպասում են բացմանը, իհարկե գյուղում մանկապարտեզ ունենալը շատ լավ է, ստիպված չենք լինի երեխաներին Ախալքալաք տանել ամեն օր», – ասաց Սվետլանա Չիվչյանը։
2013 թ.-ին, Խուլգումոյում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ստացված գումարով գնվել է մանկապարտեզի համար տուն և վերանորոգվել: Տարբեր տարիների շինարարության վրա ծախսվել են տարբեր գումարներ: Օրինակ, անցյալ տարի վերանորոգման համար տեղական բյուջեից ծախսվել է 42 372 լարի:
«Մենք գնեցինք 32 000 լարիով: Առաջին տարում վճարեցինք 24 000 լարի, մնացած 8 000-ը վճարեցինք երկրորդ տարում: Հետո սկսեցինք վերանորոգել: ՕԳԾ–ից վերանորոգման վրա ծախսել ենք 16 000 լարի, հետո՝ 24 000, իսկ անցած տարի բյուջեից հատկացվել էր 42 000 լարի: Մնում է որոշ թեթև աշխատանքներ ավարտել՝ աստիճանները, միացնել գազը», – ասում է գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանը:
Գայանե Ակոջյան