Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլի մրցաշար շրջանի գյուղերի միջեւ: Հրավիրված էր նաև մեկ ֆուտբոլային թիմ Նինոծմինդայի մունիցիպալիտետից: Մրցաշարը տևեց 3 օր և ավարտվեց այսօր՝ Մուրջախեթ գյուղի թիմի հաղթանակով:

Չամդուրա գյուղում ֆուտբոլի մրցաշարը մեկնարկել էր հունիսի 6-ին: Մրցաշարը նվիրված էր Չամդուրա գյուղի բոլոր վաղամեռիկ բնակիչներին: Մրցաշարի նախաձեռնությունը պատկանում էր գյուղի երիտասարդներին: Նախաձեռնողներից և կազմակերպիչներից մեկը Գրիգոր Հակոբյանն է: Մրցաշարի կազմակերպման գործում նրան օգնել է Չամդուրա գյուղում քաղաքպետի ներկայացուցիչ Վոլոդյա Ժամկոչյանը: Մասնակցում էին 16 գյուղերի՝ Վաչիանի, Խոսպիոյի, Կարծախի, Բալխոյի, Սուլդայի, Տուրցխի, Կարտիկամի, խուլգումոյի և այլ գյուղերի ֆուտբոլային թիմեր, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գոնդուրա գյուղի թիմը:

Եզրափակիչ փուլ անցան Վարեւան և Մուրջախեթ գյուղերի ֆուտբոլային թիմերը: 3: 1 հաշվով հաղթեց Մուրջախեթ գյուղի թիմը: Երրորդ տեղը գրավեց Չամդուրա գյուղի թիմը:

Եզրափակիչ խաղին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ: Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:

kubok