Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբի հետ կապված խնդիրը հին ու բազմակողմ է: Որոշ գյուղերում կան աղբարկղեր, բայց դրանք քիչ են, որոշ գյուղերում առկա է աղբահեռացման խնդիր, իսկ որոշ գյուղերում խնդիրը ստեղծում են հենց իրենք՝ շրջակա միջավայրն աղտոտող մարդիկ։
Կումուրդո գյուղն աչքի է ընկնում իր յուրահատուկ գեղատեսիլ կիրճով, որը նայում է դեպի սարերը, ինչպես նաև 11-րդ դարի Մայր տաճարով, որոնք ամեն տարի գյուղ են բերում բազմաթիվ զբոսաշրջիկների, լուսանկարիչների և պարզապես գեղեցկությունը գնահատող մարդկանց։ Սակայն «անդորրը» խախտում են աղբե բլուրները, որոնք գոյացել են ինչպես կիրճի տարբեր հատվածներում, այնպես էլ դեպի գյուղի և դրա ներսի մատույցներում:
Կումուրդո գյուղում աղբարկղերի պակաս չի զգացվում: Դրանք կարելի է տեսնել ինչպես կենտրոնում, այնպես էլ գյուղի գրեթե բոլոր փողոցներում։ Գյուղի պատգամավոր Արամաիս Զաքարյանի խոսքով՝ Կումուրդո գյուղում 18-20 աղբարկղ կա։
«Ինչ վերաբերում է գյուղի մեծությանը՝ այն մեծ է, իսկ աղբարկղերը քիչ են, սակայն մունիցիպալիտետն ամեն տարի աղբարկղեր է ավելացնում, հիմա էլ մրցույթ է ընթանում, գնումից հետո ևս կավելացնեն: Շաբաթը երկու անգամ են հանում, եթե լիքն է, ես զանգում եմ և լրացուցիչ գալիս են»,- ասաց նա։
Նա հավելում է, որ աղտոտման պատճառները մարդկանց մեջ է, որոնց պետք է կարգ ու կանոն սովորեցնել։
«Գյուղի մուտքի մոտ աղբաման կա, իսկ աղբը թափում են դրա շուրջը, այլ ոչ թե դրա մեջ»,- ավելացնում է Արամաիս Զաքարյանը:
Աղբի կուտակման պատճառների վերաբերյալ գյուղացիների կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, որ անհրաժեշտ է ավելացնել աղբամանների թիվը, ոմանք էլ պնդում են, որ եթե նույնիսկ աղբամաններ լինեն, մարդիկ աղբը անթույլատրելի տեղերում են թափում։
«Եթե աղբամանների թիվը շատացնեն, տեղադրեն ձորի մոտ, ապա մարդիկ դրանք ցած չեն նետի, իսկ քանի դեռ աղբամաններ չկան՝ ցած են նետում»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը։
«Տանս դիմաց աղբաման կա, այնուամենայնիվ, ընտանիքիս անդամներն այն աղբարկղը չեն գցում, այլ գցում են փողոց»,- համագյուղացու ասածին որպես հակակշիռ ասում է գյուղի մեկ այլ բնակիչ։
Արհեստական աղբավայրերում աղբարկղերի տեղադրման խնդիրն այն է, որ դրանք դժվարանցանելի վայրերում են, և սպասարկման կենտրոնի մեքենաները չեն կարողանա այնտեղ հասնել՝ աղբահանության համար:
Խոսելով աղբի կուտակման պատճառների մասին՝ բնակիչները նշում են նաև, որ կարգուկանոնի պահպանման գործում կարևոր դեր ունի տուգանքների համակարգը, որը, ցավոք, Ախալքալաքի մունիցիպալիտետում չի կիրառվում։
«Երբ ես փոքր էի, մենք ունեինք գյուղսովետի նախագահ, նա շատ խիստ էր: Գնում-գալիս՝ աղբանոցները ստուգում էր, միայն կենցաղային աղբը կարելի էր այնտեղ գցել: Խախտումների դեպքում մարդիկ տուգանվում էին և խախտումներն այլևս չէին կրկնվում: Հիմա նման բան չկա»,- ասում է Կումուրդո գյուղի բնակիչներից մեկը:
Կումուրդոյի բնակիչները միաբերան պնդում են, որ աղբոտված լանջերը վանում են իրենց գյուղ այցելող զբոսաշրջիկներին։
«Զբոսաշրջիկները գալիս են, ամեն ինչ տեսնում են, նկարում են: Գոմաղբը ճանապարհին է, գարնանը դա փտում է, տարածվում են վիրուսներ, իսկ տուրիստները նկարում ու հետո ցույց են տալիս Եվրոպայում: Այդ ժամանակ ի՞նչ կասեն Վրաստանի մասին։ Ձորի մոտ երկու-երեք տեղ նման աղբանոցներ կան»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը։
«Իհարկե, դա գյուղի համար խնդիր է, մենք ուզում ենք, որ մաքուր լինի: Ես առաջ միշտ գնում էի ձորի մոտ, նստում, ուտում կամ խմում էի, բայց հիմա ինձ տհաճ է այնտեղ գնալը, գարշահոտն անտանելի է»,- ավելացնում է մեկ այլ բնակիչ։
Բնակիչների խոսքով՝ ամեն ինչ նետում են արհեստական աղբավայրեր՝ ամեն տեսակ աղբ, ապակի, պլաստիկ, և տակդիրներ, նույնիսկ սատկած շներին։ «Միայն մարդկային դիակներ չկան»,- տխուր հեգնանքով նշում են բնակիչները։
Գյուղամեջում նստած գյուղի տղամարդիկ զրույցի արդյունքում ընդհանուր եզրակացության եկան, որ կա աղբարկղերի պակաս, ինչպես նաև՝ կուլտուրայի։