Այսօր՝ Ապրիլի 27-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության դահլիճում տեղի ունեցավ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Փոխանորդության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես շնորհանդեսով հետաքրքրված մարդիկ։
Մարիաննա Շահպարոնյանն արմատներով Ախալքալաքից է: Նրա մեծ պապը՝ Վարդան Շահպարոնյանը, եղել է 20-րդ դարի բարերար և հասարակական գործիչ։ Ախալքալաքի փողոցներից մեկը նրա պատվին կոչել են նրա անունով։ Մարիաննա Շահպարոնյանն իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն գրել է 44-օրյա պատերազմից հետո։
Մարիաննա Շահպարոնյանն ողջունեց ներկաներին, խոսեց իր, գրքի և տարբեր երկրներում կայացած շնորհանդեսների մասին։ Այս ամենն ուղեկցվեց վիդեո-սլայդերով։ Գիրքը լույս է տեսել 2023 թվականի մարտին, թարգմանվել՝ 7 լեզվով։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Ես իմ գիրքը նվիրել եմ Արցախյան երկրորդ պատերազմին և դրանից հետո տիրող իրավիճակին, երբ հուզմունքս շատ էր, ես գրում էի, որ մի փոքր հանդարտվեմ, գիտակցելով, որ մեր հայրենիքը վտանգի տակ է, և մենք պետք է միավորվենք և համախմբվենք դա կանխելու համար։ Գիրքը նվիրված է դրան»,- ասաց Մարիաննա Շահպարոնյանը։
Երկու տարեկանից նա ապրել է Մոսկվայում։ Ինչպես ինքն ասաց, ամբողջ գիտակից կյանքն ապրել է Մոսկվայում, որից հետո ուսումը շարունակել է Բելգիայում, Բրյուսելում։ Նրա խոսքով, երբ ինքը փոքր է եղել, հաճախել է կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորել է հայոց լեզուն։
«Դժվարությամբ էի հաճախում կիրակնօրյա դպրոց, մինչև տատս ինձ չնախատեց՝ ասելով, որ ես տարբեր լեզուներ եմ սովորում, բայց դժվարությամբ եմ սովորում հայերենը: «Ես ամաչում եմ քո տեղը», – ասաց նա: Այս օրը շրջադարձային եղավ ինձ համար։ Այդ օրվանից սկսեցի սովորել հայերենը»,- պատմում է Մարիաննա Շահպարոնյանը։
2010 թվականին Մարիաննայի ընտանիքը վերադառնում է հայրենիք՝ Հայաստան։
Իր և գրքի մասին խոսելուց հետո Մարիաննա Շահպարոնյանը կարդաց իր բանաստեղծությունները: Վերջում բոլորին նվիրեց իր գիրքը՝ անձնական մակագրությամբ։ Շնորհանդեսն ավարտվեց ներկաների, Մարիաննա Շախպարոնյանի հետ, խմբակային լուսանկարով։
Բանաստեղծությունները նա գրել է հայերեն, գրքում պոեզիան թարգմանվել է 7 լեզվով։