Ելենա Գրիգորյանն ախալքալաքցի երիտասարդ աղջնակ է, ով աչքի է ընկնում իր հասակակիցների մեջ։ 15 տարեկանում նա արդեն իրականացրել է բիզնես նախագիծ, Ախալքալաքում ուսմանը զուգահեռ սովորում է նաև Օքսֆորդի բիզնես քոլեջում:
Մանուկ հասակում Ելենան չէր սիրում գրքեր կարդալ, բայց ճակատագիրը ամուր կապեց նրան գրքերի հետ: Օքսֆորդի քոլեջում ուսումնական առաջադրանք կատարելիս, որտեղ անհրաժեշտ էր բիզնես պլան կազմել, այնուհետև այն իրականացնել, Ելենան որոշեց, որ Ախալքալաքին ինչ-որ կրեատիվ նորություն է պետք, և բացեց քաղաքի առաջին առցանց գրախանութը:
«Մի անգամ ինձ մի գիրք էր պետք, ամբողջ Վրաստանում չկարողացա գտնել այն։ Այդ ժամանակ փակ էին նաև Հայաստանի հետ սահմանները, իսկ գիրքն ինձ շտապ պետք էր»,- ասում է Ելենան, – այդ ժամանակ հասկացա, որ Ախալքալաքում գրախանութ պետք է լինի, գոնե՝ առցանց»:
Նա ինստագրամում էջ բացեց՝ չիմանալով, թե ինչպես կընթանա իր բիզնեսը, կլինեն արդյո՞ք հաճախորդներ։ Սակայն առաջին իսկ օրն աղջիկը հաճելիորեն զարմացած էր՝ մարդիկ իրենք էին գովազդում նրա էջը, նա յոթ պատվեր էր ստացել հենց առաջին օրը։
Պարզվեց, որ Վրաստանում ռուսերեն լեզվով գրքեր գտնելը դժվար է։ Այդ ժամանակ Ելենան պայմանավորվեց Ռուսաստանի խոշոր ընկերությունների հետ և այնտեղից գրքեր է պատվիրում։ Հայաստանից հայերենով գրքեր է բերում, վրաց լեզվով ավելի հեշտ է՝ մայրաքաղաքից է բերում։ Աղջկա խոսքով՝ լինում է ամիս, երբ ոչ մի գիրք չի վաճառվում, բայց լինում է, երբ միանգամից 30-50 գիրք է վաճառվում:
«Բայց, ընդհանուր առմամբ, ինձ բավականցնում է իմ կարիքների համար։ Հիմնականում բեսթսելլեր են գնում, գեղարվեստական և դասականները ավելի վատ են վաճառվում»,- խոստովանում է Ելենան և հավելում, որ ռուսերեն լեզվով գրքերը մեծ պահանջարկ ունեն։
https://youtu.be/EZKm2TDf7Cc
Նրա նոր գրքի ակումբի պատերին կախված է. «Գիրքը մի առանձին կախարդական աշխարհ է» գրությունը: Մի նախագիծը սահուն վերածվեց մյուսի, և մի քանի օր առաջ՝ գրախանութի միամյակին, նոյեմբերի 3-ին, աղջիկը բացեց գրքի ակումբ, որտեղ բոլորը կարող են հավաքվել, կարդալ և քննարկել կարդացած գրքերը։
«Book club-ն անվճար է, ցանկացած տարիքի մարդ կարող է գալ, լսել մեր քննարկումները, տալ հարցեր։ Մենք կարդում ենք, նշումներ ենք անում, հետո քննարկում։ Ակումբի հանդիպումներն ընթանում են հինգշաբթի օրերին։ Ես ուզում եմ ավելացնել նաև խոսակցական ակումբներ ռուսերեն, անգլերեն, վրացերեն, որտեղ մենք նույնպես կքննարկենք գրքեր, բայց օտար լեզվով»։
Գրքի նոր ակումբում երիտասարդները կարող են նաև հավաքվել և խաղալ սեղանի տարբեր խաղեր, օգտվել հյուրասիրությունից և թեյ ըմպել: Ռետրո ոճով փոքրիկ սենյակում ամեն ինչ կահավորել է ինքը՝ Ելենան։ Աղջիկը մտածել է ամեն մի մանրուք, ձեռքի տակ եղած պարագաներից պատրաստել է օրիգինալ դեկոր և նստելու համար փափուկ պուֆեր դրել։ Այստեղ ամեն ինչ ստեղծում է հարմարավետ մթնոլորտ և տրամադրում հետաքրքիր, անկեղծ զրույցի:
Նրանց համար, ովքեր ցանկանում են գիրք նվիրել, բայց չգիտեն, թե որը՝ Ելենան նախատեսել է 30, 50 և 100 լարիանոց անվանական նվեր քարտեր։
Ելենան խոստովանում է, որ գիրքը դարձել է իր լավագույն ընկերը, և մարդ երբեք մենակ չի մնա գրքի հետ։ Կարդալով և կերպարների զգացողություները վերապրելով՝ մարդը կարծես տեղափոխվում է մի այլ աշխարհ։
Երկու կրեատիվ նախագծերին զուգահեռ Ելենան սովորում է Ախալքալաքի թիվ 4 դպրոցում և Օքսֆորդի բիզնես քոլեջի երրորդ կուրսում՝ առցանց։ Նրա պատմելով՝ այնտեղ ընդունվելը շատ բարդ էր։ Ընտանիքի համար դա անակնկալ էր՝ աղջիկը ոչ մեկին չէր պատմել իր ծրագրերի մասին մինչ մրցույթը հաղթահարելը։ Այնուամենայնիվ, Ելենան փորձում է գերազանցել ամեն ինչում և պահպանել կրթության բարձր մակարդակն ինչպես դպրոցում, այնպես էլ բիզնես-քոլեջում: Դպրոցում նա ոսկե մեդալի հավակնորդ է։
«Օքսֆորդի կրթական համակարգը բոլորովին այլ է, ցերեկը՝ ժամը մեկին, ես ավարտում եմ դպրոցի դասերը և սկսում քոլեջի դասերը: Տարբերությունն, իհարկե, առավել նկատելի է մակարդակի, ինչպես նաև հենց ուսանողների, նրանց աշխարհայացքի մեջ, ամեն ինչ տարբերվում է Ախալքալաքից։ Երբ նոր էի ընդունվել ինձ համար դժվար էր, անսովոր: Արդեն 3 տարի է սովորում եմ, հենց սկզբից ուսումս առցանց է եղել»:
Դպրոցն ավարտելուց հետո նա նախատեսում է գնալ Երևան և ընդունվել Ամերիկյան համալսարան՝ տնտեսական թեքումով, ինչպես քոլեջում։
«Երբ գնամ, հուսով եմ, որ ընտանիքս կօգնի գրախանութի հարցով, բայց ես կաշխատեմ այնպես անել, որ Ախալքալաքում չփակեմ, այլ Երևանում նոր ինչ-որ բան բացեմ, սեփական հոբբի ունենամ»։
Ելենայի սերը տնտեսագիտության հանդեպ ինքնաբուխ է եղել. «Երբ ես մեր խանութում սկսեցի աշխատել դրամարկղում, 12 տարեկան էի: Այդ ժամանակվանից սկսվեց իմ խորասուզումը տնտեսագիտության մեջ: Սկսեցի հաճախել դասընթացների, որտեղ ես ամենափոքրն էի: Հետո ընդունվեցի Օքսֆորդի բիզնես քոլեջ: Եվ հիմա ես ծրագրում եմ կյանքս կապել տնտեսագիտության հետ»։
Թեև, բացի ընթերցանությունից և տնտեսագիտությունից, աղջիկը սիրում է լուսանկարել, ինչպես նաև լեզվաբանությունը՝ նա տիրապետում է 7 լեզուների։
«Հայերենից, ռուսերենից, վրացերենից և անգլերենից բացի գիտեմ նաև իսպաներեն, թուրքերեն և սկսում եմ ուսումնասիրել արաբերենը։ Ես լեզուներ սիրում եմ, դրանք ինձ հեշտ են տրվում, բայց, այնուամենայնիվ, ավելի շատ սիրում եմ տնտեսագիտությունը, որքան դժվար է, այդքան հետաքրքիր է ինձ համար»,- ծիծաղում է Ելենան։
Ավարտելուց հետո աղջիկը նախատեսում է վերադառնալ Ախալքալաք և օգնել իր ընտանիքին՝ ստացած գիտելիքները ներդնելով ընտանեկան բիզնեսի զարգացման գործում։
Ամալյա Բաբայան