Ախալքալաքի քաղաքային գրադարանի շենքը չի համապատասխանում չափանիշներին: Ջեռուցում այստեղ անցկացված է, սակայն գրադարանը տաքացվում է վառելափայտով, այն էլ՝ միայն գրադարանավարների սենյակը: Ոչ բոլոր գրքերի համար կա տեղ: Բացի այդ, գրադարանը կորոնավարակի պատճառով աշխատում է սահմանափակ ռեժիմով:
Ախալքալաքի գրադարանի շենքը չի համապատասխանում գրքերի պահման չափանիշներին: Երկու սենյակում տանիքից ջուր է կաթում, պատուհանները նոր են, բայց դժվարությամբ են բացվում, դռները հին են և ոչ բարվոք վիճակում, դրսի դուռը դժվար է բացվում և փակվում: Շենքի ներսում գրադարանը չի փոփոխվել խորհրդային ժամանակներից ի վեր: Մտնելով շենք, այն տպավորությունն է, կարծես հայտնվում ես խորհրդային ժամանակներում: Մշակույթի տան փոքր համերգասրահը գրադարանի համար ծառայում է որպես գրապահոց: Հին գրադարակներում հին գրքերն են, իսկ նոր գրքեր գրադարանը վաղուց չի ստացել: Սենյակի անկյունում դասավորված են կույտերով գրքեր: Գրադարանների միավորման տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլիի խոսքերով, այս գրքերի համար տեղ չկա:
Չնայած շենքն ունի կենտրոնական ջեռուցում, սակայն այն չի ջեռուցվում:
Թեկլե Վախտանգիշվիլիի խոսքերով, տեղական ղեկավարությունն ասել է, որ ջեռուցումը կապված է մեծ ծախսերի հետ, որոնք իրենք իրենց չեն կարող թույլ տալ:
«Նրանք ասացին, դիմում գրեք, գումար կհատկացնենք, և գումարով կգնեք վառելափայտ », – ասում է Թեկլե Վախտանգիշվիլին:
Այս պահին գրադարանն աշխատում է «խիստ անհրաժեշտության» սկզբունքով: Աշխատակիցների հեռախոսահամարները փակցված են գրադարանի դռան վրա, և անհրաժեշտության դեպքում ընթերցողները կարող են զանգահարել և գիրք խնդրել: Եթե գիրքը ունենան, աշխատակիցները կգան ու կտան այն, բայց մշտապես աշխատակիցները գրադարան չեն գալիս:
Փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանն ասում է, որ այս պահի դրությամբ, երբ գրադարանը գործում է հեռավար աշխատառեժիմով, ջեռուցման կարիք չկա, իսկ երբ գրադարանը վերսկսի իր աշխատանքը բնականոն ռեժիմով, ապա ջեռուցում կապահովվի:
Ըստ Թեկլե Վախտանգիշվիլիի, Ախալքալաքի քաղաքապետարանի պլանավորման վարչությունից եկել են, տեսել ու հեռացել են:
Գրադարանի շենքը վերանորոգելու խնդրի վերաբերյալ Արմեն Մառանգոզյանն ասում է, որ 2021 թվականի բյուջեի նախագծում վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն, բայց այդ միջոցները կգտնվեն, երբ բյուջեում կկատարվեն փոփոխություններ և վերանորոգումը կիրականացվի: