Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է քաղաքապետի վեց թեկնածու: Նրանցից 2-ին չհաջողվեց գտնել ոչ Ախալքալաքում, ոչ էլ նրանց հեռախոսահամարներով: jnews.ge-ն տրամադրում է տեղեկատվություն մնացած 4-ի մասին:

«Գիորգի Վաշաձե-միասնական նոր Վրաստան» կուսակցությունից Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մկրտչյանին, ինչպես նաև «Միացյալ Ազգային շարժման» թեկնածու Զուրաբ Օզգեբիշվիլիին մենք չկարողացանք գտնել, քանի որ տեղում նրանց ոչ-ոք չէր ճանաչում, իսկ հեռախոսահամարները, որոնք մենք իմացել էինք Շրջանային ընտրական հանձնաժողովից սխալ էին:

Մյուս թեկնածուներին ներկայացնում ենք ըստ նրանց ընտրական համարների:

«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքից (ընտրական համարը` 2) առաջադրվել է Հարություն Ալեքսանյանը (Նելսոն): Ծնվել է 1959 թվականին Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում: Բանակից հետո ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 10 տարի աշխատել է իրավապահ մարմիններում: 2008 թ.-ին աշխատել է Ախալքալաքի Շրջանային վարչությունում: Հետո Կաջոյի տարածքային շրջանից ընտրվել է շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր: Եղել է նաև «Միասնական ազգային շարժում» կուսակցության շրջանային գրասենյակի ղեկավար: Երբ կուսակցությունը բաժանվեց, նա դարձավ «Եվրոպական Վրաստան»-ի Ախալքալաքի գրասենյակի նախագահ: Ամուսնացած է, ունի երկու երեխա և թոռներ:

«Իսկապես շատ բարդ իրավիճակ է երկրում: Առաջընթաց չկա: Թվում է, թե իշխանություն չկա: Կոռուպցիան շատացել է: Չեմ բացառում, որ նախկինում էլ է եղել, բայց ոչ այս մակարդակի: Նախկին կառավարությունը շատ հստակ էր աշխատում ու ուներ լուրջ մոտեցում: Հարկավոր է բացել աշխատանքային տեղեր, ավելացնել թոշակները», – ասաց Հարություն Ալեքսանյանը:

Մելիք Ռաիսյանն առաջադրվել է «Դմիտրի Լորդքիպանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» (ընտրական համարը` 3) դաշինքից: Ծնվել է 1961 թ.-ին, սովորել ռուսական դպրոցում, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Դրանից հետո աշխատել է Երևանի №2 հացի գործարանում: Վերադառնալով Ախալքալաք, աշխատանքի է անցել ռուսական ռազմաբազայում (ԿԷՉ)-ում: Հետո աշխատել է Ախալքալաքի տեղական արտադրության կոմբինատում: 1993 թվականից “Քաղաքացիների միության” անդամ է: 1995 թ.-ին, 1999 թ.-ին և 2004 թ.-ին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: Երկու անգամ՝ որպես մեծամասնական և վերջին անգամ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության համամասնական ցուցակներով: 2012 թվականից դարձել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ:

«Քանի որ ժողովրդի վիճակը արդեն սարսափելի էր, ժողովուրդը վախով ու սարսափով էր լցված, և նրանց վրա ճնշում էր գործադրվում, դրա համար ես անդամագրվեցի «Վրացական երազանք» կուսակցության շարքերը, սակայն չստացվեց: “Օցնեբան” ինձ չընդունեց: Այստեղ հատուկ ծառայությունների ճնշումը շատ մեծ է, և Վրաստանի սահմանադրությունը այստեղ չի գործում: Ես պարզապես ուզում եմ, որ այստեղ գործի օրենքը, ու օրինական կերպով անցկացվեն տենդեր-մրցույթները, շինարարությունները և Սակրեբուլոյի նիստերը լինեն թափանցիկ», – ասում է Մելիք Ռաիսյանը: Նա ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ախալքալաքի շրջանում «Վրաստանի հայրենասերների դաշինք» (ընտրական համարը՝ 8) կուսակցությունից քաղաքապետի թեկնածու առաջադրվել է Սամվել Պետրոսյանը: Ծնվել է 1954 թվականին Ախալքալաքում: 1971 թ.-ին ավարտել է քաղաքի ռուսական դպրոցը: Այնուհետև ընդունվել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Մինչև 1984 թ.-ը աշխատել է Կոմերտմիությունում: 1984-1988թթ. աշխատել է Շրջկոմում: Սովետական Միության փլուզումից հետո նա դառնում է Ախալքալաքի պրեֆեկտ, ճանապարհի ղեկավար (ճանապարհային ոստիկանությունում), հետո Ախալքալաքի ոստիկանապետ: 2012-2016թթ. «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական պատգամավոր էր: Սամվել Պետրոսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա և թոռներ:

«Ստեղծվել են ուժեր, որոնք այսօր ուզում են օգտագործել պետական լծակները ու ընդհանրապես քաղաքական դաշտը սեփական շահերի համար: Տեսնելով, որ ժողովրդի վիճակը մի քանի անգամ ավելի վատթարացել է, որոշեցի իմ թեկնածությունը դնել: Ցավոք սրտի, այն քաղաքական ուժերը, որոնք պետության անունից ժողովրդին խոստումներ են տալիս, հարվածում են պետական հեղինակությանը», – ասում է Սամվել Պետրոսյանը:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն (ընտրական համարը` 41) Յուրիկ Ունանյանն է: Ծնվել է 1960 թ.-ին Բորժոմի շրջանի Չխարոլա գյուղում: 1967-1977թթ. սովորել է Ախալքալաքի գիշերօթիկ դպրոցում: Այնուհետև ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Յուրիկ Ունանյանը ծառայել է բանակում, աշխատել է Շրջանային Կոմերիտմիության կոմիտեում: 1991 թվականից մինչ օրս աշխատել է Շրջանային դատախազությունում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ քննիչից մինչև շրջանային դատախազ: Ամուսնացած է, ունի 2 երեխա և 4 թոռ:

Յուրիկ Ունանյանը նախկինում քաղաքականության մեջ չի եղել:

«Նախաձեռնությունը կուսակցությունից էր, ես մտածեցի և համաձայնեցի առաջադրվել: Ես տեսա բազմաթիվ կուսակցությունների գործունեությունը և համեմատելով նրանց գործունեությունը, կարծում եմ, որ իշխող կուսակցությունը լավն է, կարծում եմ, որ կարող է օգնել ժողովրդին ժողովրդավարական զարգացման գործընթացում: Ինձ այս կուսակցության ճանապարհը ուղղակի, որպես մարդ, որպես անձ, դուր է գալիս և նրանց հետ հնարավոր է աշխատել ժողովրդի բարօրության համար», – ասում է Յուրիկ Ունանյանը: