Ախալքալաքի շրջանի իշխանությունը ստեղծել է «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկա» սահմանափակ պատասխանատվության ընկերություն (ՍՊԸ), որը կազմակերպելու է շուկայի աշխատանքը:
Երկար տարիների անորոշությունից հետո Ախալքալաքի շուկայի տարածքը փոխանցվեց շրջանին: Պետական գույքի դեպարտամենտի 2014 թ. հոկտեմբերի 10-ի №1 22/94 հրամանի համաձայն, Ախալքալաքի շուկայի տարածքը իր շինություններով հանդերձ դարձավ Ախալքալաքի շրջանի սեփականությունը:
Շուկայի աշխատանքը կազմակերպելու համար տեղական իշխանությունը որոշեց ստեղծել ՍՊԸ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկա» ընկերությունը: Ընկերության տնօրեն է նշանակվել Արարատ Սաարյանը:
Մինչ այսօր տեղական իշխանությունը իրավունք չուներ զբաղվելու շուկայի հիմնախնդիրներով, քանի որ տարածքը իրենց չէր պատկանում: Շուկան երկար տարիներ կռվախնձոր էր շրջանի նախկին սպառողական միության և պետական գույքի դեպարտամենտի միջև, ինչի հետևանքով հինգ տարի է շուկայում տիրում էր հակասանիտարական վիճակ ու անկարգություն: Վաճառասեղանների տակ, վաճառվող մթերքների կողքին հավաքվում էին աղբի մեծ կույտեր, որտեղից տհաճ հոտեր էին գալիս, իսկ շուկայի տարածքից աղբը հավաքվում էր ոչ պարբերաբար: Այդ անհամաձայնությունից տուժում էին և գնորդները և վաճառողները:
Շուկայի բարեկարգման և նրա նորմալ աշխատանքը ապահովելու համար, տեղական բյուջեն այս տարի հատկացրել է 100՝000 լարի: Տվյալ գումարը նախատեսված է կոյուղու, խմելու ջրի բարեկարգման և տարածքի ասֆալտապատման համար: Նախատեսվում է նաև վաճառողների համար կառուցել զուգարան:
Պետությունը շուկայի տարածքը շրջանին է հանձնել հետևյալ պայմանով՝ չսեփականացնել, չվաճառել, այլ ստեղծել կազմակերպություն, որը կարգավորի շուկայի աշխատանքը: Շուկան կունենա պահակ, հավաքարար և այլ աշխատողներ:
Բարեկարգման աշխատանքները դեռ չեն սկսվել ու հայտնի չէ, թե երբ կսկսվեն: Առայժմ կազմվում են շուկայի տարածքի աշխատանքների հաշվարկը և նախագիծը:
Շրջանի գույքի, տնտեսական զարգացման և կառավարման ծառայության գլխավոր մասնագետ՝ Վահան Բաթոյանի խոսքերով, տեղական իշխանությունը տրամադրված է շուկան անհապաղ բարեկարգել:
-«Վերանորոգումից հետո մենք պատրաստվում ենք փողոցային առևտուրը, թեկուզ ստիպողաբար, տեղափոխել շուկայի տարածքը: Ինչպես նաև ներս ենք բերելու մեքենաներով վաճառողներին, որպեսզի փողոցները ազատվեն նրանցից: Այս պահին տեղերը բավարար են: Հետագայում կերևա, թե ինչքանը կբավարարի և ինչքան անհրաժեշտ կլինի ավելացնել»,- ասում է Վահան Բաթոյանը:
Շուկայի տարածքից աղբը հավաքելու համար «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկա»-ի ղեկավարությունը պայմանագիր կկազմի «Սանմաքրում» կազմակերպության հետ: Գույքի տնտեսական զարգացման և կառավարման ծառայության գլխավոր մասնագետի խոսքերով, աղբարկղների հարցը դեռ քննարկվում է, սակայն հավանական է, որ նրանք թողնենք:
Շուկայի աղբարկղները միշտ եղել են վեճի առարկա: ՍՊԸ «Սանմաքրում»-ը միշտ բողոքել է, որ ոչ բոլոր վաճառողներն են վճարել աղբի դուրս բերման համար և իրենք էլ աղբարկղները մաքրել են ոչ պարբերաբար:
Վաճառողները 1 մ վաճառատեղի համար վճարում են 1,5 լարի: Վճարում են նաև դրսի վաճառողները:
-«Շուկան իր ծախսերը կփակի, և նույնիսկ գումար կմտնի բյուջե: Ես համոզված եմ, որ կազմակերպությունը կլինի շահավետ »,- ասում է Վահան Բաթոյանը:
Շուշան Շիրինյան