2024 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կենդանիների կծելու 23 դեպք, որից 21-ը շան, մեկը կատվի և մեկն առնետի։ Այս մասին հայտնում են Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին գրանցվել է կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակման 81 դեպք, իսկ 2023 թվականին՝ 149 դեպք, այսպիսով, 2022 թվականից մինչև 2023 թվականը հարձակումների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Նշենք, որ շան կծելու դեպքում կատաղության դեմ պատվաստման գործընթացը մնում է անփոփոխ: Պատվաստում ստանալու համար բնակիչը պետք է դիմի Ախալքալաքի հիվանդանոց։ Կատաղության դեմ պատվաստումը վճարովի է և բնակիչների վրա էժան չի նստում, քանի որ կատաղության դեմ պատվաստումը պետք է անել 3-ից 5 անգամ։ Միայն այն բնակիչները, ովքեր մասնակցում են տարբեր պետական ապահովագրական ծրագրերին՝ պատվաստանյութը կարող են անվճար ստանալ:

Կատաղության դեմ պատվաստանյութը կիրառվում է հիվանդին կենդանու կամ մարդու կողմից կծելուց հետո, որի մոտ ախտորոշվել է կատաղութան վիրուս կամ կասկածում են կատաղության վիրուսով վարակված լինելու մեջ, ինչպես նաև առողջ մարդու բաց շփման դեպքում (առանց կծելու)՝ կատաղության վիրուսով հիվանդի թքի հետ։

Նշենք նաև, որ այս տարի, ինչպես և ամեն տարի, մունիցիպալիտետը 26 000 լարի է հատկացրել անօթևան շներին բռնելու և ստերիլիզացնելու համար։ Այս աշխատանքների իրականացման մրցույթը դեռ չի հայտարարվել։

Կարդացեք նաև՝

Նոր տարին սկսվեց առնետի խայթոցով

Ախալքալաքում շունը կծել է տարեց կնոջ գլուխը

Անմեղ մեղավորները. Ախալքալաքի անօթևան շները