Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաները, որի մասին մեր կողմից հարցված Ախալքալաքի բնակչության մեծ մասը չգիտի և առանձնահատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում։ «Վրացական երազանք»-ի պաստառները, որոնք հերքում են օրենքի կործանարարության մասին հասարակական կազմակերպությունների փաստարկները, Ախալքալաքի փողոցներում չենք նկատել։
Այն, որ Ախալքալաքում քաղաքացիական հասարակությունը պասիվ է և ինտեգրված չէ վրաց հասարակությանը, ևս մեկ անգամ հաստատվում է այսօրվա իրականությամբ։ Մինչ Թբիլիսիում բողոքի ակցիաներ են ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ, Ախալքալաքում մեծամասնությունը չգիտի այդ մասին, կամ գիտի ցույցերի մասին, բայց չգիտի դրա պատճառները։
JNEWS-ը հարցում անցկացրեց պատահական անցորդների շրջանում այն վայրերում, որտեղ փակցված են «Վրացական երազանք»-ի պաստառները։ Այս պաստառներն Ախալքալաքում հայտնվել են երկու շաբաթ առաջ։ Դրանք սկզբում հայտնվել էին կենտրոնական զբոսայգու մուտքերի մոտ, հետո Ախալքալաքի հյուսիսային մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի տակ, իսկ քաղաքում՝ Մշակույթի տան շենքի պատին ու որոշ այլ վայրերում։ Զբոսայգու մուտքերի պաստառներն արդեն պոկվել են, իսկ Մշակույթի տան շենքի վրա դեռևս մնացել են։ Պաստառները վրաց լեզվով են, ինչը շատերը չեն հասկանում։
Ախալքալաքի բնակիչներն ապրում են իրենց բնականոն կյանքով:
Մենք հարցրեցինք 25-ից ավելի մարդկանց, թե տեղյակ են, որ Թբիլիսիում բողոքի ցույցեր են և ինչի դեմ են մարդիկ բողոքում։
Չորս հոգի ասացին, որ գիտեն ցույցերի մասին, բայց չգիտեն, թե ինչի դեմ են բողոքում, ինչ են պահանջում, քանի որ պետական լեզուն չեն հասկանում։
Նրանցից շատերը, ում հետ զրուցեցինք չգիտեին ցույցերի մասին։ Նշենք, որ նրանց թվում էին ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ տարբեր կազմակերպություններում աշխատող անձինք։
Մի կին, ով աշխատում է և՛ պետական հաստատությունում, և՛ հասարակական կազմակերպությունում, ասաց, որ իրականում այդքան էլ չի հասկանում, թե ինչու է օրինագիծը կոչվում ռուսական, իսկ ինչ վերաբերում է թափանցիկությանը, ասաց հետևյալը.
«Մենք արդեն իսկ աշխատում ենք թափանցիկ, դրանից ավելի թափանցիկ, եթե նախկինում բոլորը դրական էին վերաբերվում հասարակական կազմակերպություններին, ապա օրենքի ընդունումից հետո, որպես պետության թշնամիներ, բոլորը կխուսափեն նրանցից»,- ասաց նա։
Մի կին գիտեր հանրահավաքների և դրանց իմաստի մասին, բայց նա չգիտեր, թե դա ինչպես կանդրադառնա իր գործունեության վրա։
«Ես ուզում եմ, որ երկու կողմից ինձ բացատրեն, թե ինչու պետք է օրինագիծն ընդունվի և ինչու չընդունվի: Ես ուսումնասիրել եմ իրավիճակը և ունեմ իմ կարծիքը: Ես գիտեմ, որ Ռուսաստանում նման օրենքն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ուզում ես ճիշտն ասել, ում կարծիքը տարբերվում է պետականից, եթե դու համաձայն չես պետության կարծիքին, ուրեմն դու օտարերկրյա գործակալ ես: Ես չգիտեմ, թե ինչպես կգործի օրենքը Վրաստանում, ինչպես կանդրադառնա այս օրենքը իմ բիզնեսի վրա: Եթե ինձ բացատրեն, կհասկանամ: Իսկ հիմա ես չեզոք եմ»,- ասաց նա։
Ախալքալաքում ոչ կառավարական հատվածի պաստառներ չկան, իսկ իրենք՝ գործող հասարակական կազմակերպություններն պասիվ են։
Իսկ մինչդեռ ախալքալաքցիները կկողմնորոշվեն, Թբիլիսիում շարունակվում են հանրահավաքները: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։ Դրա օգտին քվեարկել է 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։
Օրենքի հետևանքների մասին հակիրճ՝ ֆեյսբուքյան էջում տեղադրված մեր տեսանյութում.