Վրաստանում մեքենաների պարտադիր տեխնիկական զննությունն ուժի մեջ մտնելուց հետո, ներքին գործերի նախարարությունն առաջին եռամսյակում ֆիքսել է 760 ավտոմեքենա, որոնք չեն անցել տեխզննում:
Ներքին գործերի նախարարության կողմից Jnews-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, 2018 թվականից մինչև 2019 թվականի մարտ ամիսը ներառյալ նախարարության կողմից ֆիքսվել է շուրջ 760 ավտոմեքենա, որոնք չեն անցել տեխնիկական զննություն:
Նշենք, որ տեսախցիկների ավտոմատ ֆիքսացիայի ֆունկցիան աշխատում է միայն այն վայրերում, որտեղ ճանապարհին ամեն ինչ կարգին է: Այսինքն, առկա են ճանապարհային զգուշացնող նշանները, գծանշումները և այլն:
Վրաստանում պարտադիր տեխզննումն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից:
Եթե ձեր մեքենան մինչև 4 տարեկան է, ապա տեխզննումը հարկավոր է անցնել թողարկումից հետո չորրորդ տարում: Եթե մեքենան 4-ից 8 տարեկան է, ապա երկու տարին մեկ անգամ, իսկ եթե այն 8 կամ ավելի տարեկան է, ապա տեխզննումը կատարվում է տարին մեկ անգամ:
Թեթև մարդատար ավտոմեքենայի տեխզննման արժեքն է 60 լարի, բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կատարող տրանսպորտներինը՝ 100 լարի:
Տեխնիկական ստուգումը չի վերաբերում տարանցիկ համարանիշներով մեքենաներին և չմաքսազերծված ավտոմեքենաներին: Ստուգման կարիք չունեն մոտոցիկլետները, մինչև 1960 թվականը թողարկված մեքենաները, ինչպես նաև արտադրանքից հանված մոդելները։ Մեքենաները, որոնք պատմական արժեք են համարվում և գտնվում են իրենց նախնական վիճակում, ինչպես նաև մեքենաները, որոնք չեն տեղաշարժվում և ստատիկ դիրքով անընդհատ նույն տեղում են գտնվում և տրանսպորտային միջոցները, որոնց արագությունը գործարանային չափանիշներով չի գերազանցում 25 կմ/ժ-ը: