Անօթևան շների խնդիրը դեռ արդիական է Ախալքալաքում և գյուղերում։ Սակայն շներին ապաստան տանելու ծրագիրը նույնպես գործում է։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեն այս տարի կրկին 25 423 լարի չափով գումար է հատկացրել անօթևան շներին ապաստան տեղափոխելու համար: Տենդեր-մրցույթի հաղթողը Մարինա Ջանելիձեն է Օզուրգեթիից։
Ամեն ամիս մի քանի անգամ անօթևան շներին տեղափոխում են Օզուրգեթիի ապաստան, սակայն այցելությունները հաճախակի չեն։
Մայիս ամսի կեսերից մինչև հիմա եղել է երեք այցելություն, որի ընթացքում տարել են 39 շուն, վերջի այցելությունը եղել է երեք շաբաթ առաջ։ Տարել են Կարտիկամից և հիմնականում Ախալքալաքից, հիվանդանոցի, Նախկին զինվորական ավանի, համար 5 հանրային դպրոցի, կենտրոնական այգու հարակից փողոցի և շուկայի տարածքներից։ Այգու մոտից հեռացրել են մորը և յոթ ձագերին։
Ախալքալաքի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Վաչագան Ծորմուտյանի խոսքերով, խնդիրն առկա է։
“Ամեն անգամ փորձում ենք ապաստան ուղարկել անօթևան շներին, սակայն էլի կան, այստեղ նաև հարցը կայանում է նրանում, որ գյուղերից բերում ու շներին քաղաքում են բաց թողնում։ Գյուղերից բողոք շատ չկա, հիմնական բողոքն ու զանգերը քաղաքից են։ Մենք միշտ զանգում տեղեկացնում ենք, որ գան տանեն, մինչև իրոք խնդիրը լուծվի”, – ասաց Վաչագան Ծորմուտյանը։
Անօթևան շները հիմնականում քաղաքի տարբեր հատվածներում հայտնվում են խմբերով առավոտյան և մթնշաղին, շների քանակը ավելի շատ է գարնանը։
Մի քանի օրվա ընթացքում սպասվում է ևս մեկ այցելություն։
Գայանե Ակոջյան