Ցանցային տաքսի ծառայության ի հայտ գալով Ախալքալաքի տաքսիների շուկան փոխվել է։
Ախալքալաքում տարբեր ժամանակներում եղել է տաքսի ծառայություն, բայց պարզվել է, որ այն անկենսունակ է և որոշ ժամանակ անց այդ ծառայությունները փակվել են։ Նախկինում տաքսի ծառայություններն ընդունում էին պատվերները հեռախոսային զանգի միջոցով, սակայն հունվարին Ախալքալաքում բացվեց խոշոր տաքսի ծառայության մասնաճյուղ, որը գործում է հավելվածի միջոցով։
Ախալքալաքի Մշակույթի տան հարակից տարածքը դարձել է տաքսի ծառայությունում աշխատող տաքսիստների հավաքատեղի։ Jnews-ը զրուցել է նրանց հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է Ախալքալաքի տաքսիների շուկայում։
«Սկզբում մարդիկ մեզ չէին ճանաչում, իրենց համար անսովոր էր, պահանջարկը շատ քիչ էր, բայց մարդիկ փորձեցին, իմացան, թե ինչ է դա, հիմա պահանջարկը լավ է, քանի որ մարդիկ տեսան, որ ծառայությունն ավելի լավ է աշխատում»,- պատմում է տաքսու վարորդներից մեկը։
Ըստ տաքսի ծառայության աշխատակիցների՝ օրական ունենում են միջինը 50 հաճախորդ՝ թե՛ քաղաքից, թե՛ գյուղերից։ Նախկինում նրանք նկատում էին մասնավորների “ծուռ հայացքները”, իսկ այժմ դրանք ավելի քիչ են։ Ի՞նչ է փոխվել տաքսի ծառայությունների ի հայտ գալուց հետո հարցին՝ նրանք պատասխանում են.
«Գներն են փոխվել, մենք զգում ենք, որ այն դարձել է ավելի հաճելի և հարմարավետ հաճախորդների համար: Հարմարավետությունը կայանում է անձնական վարորդի, նախնական պատվերի, գումարի և արագության մեջ»,- իրար հետևից նշում են նոր տաքսի ծառայության վարորդները։
Մշակույթի տան դիմացի տարածքն իրենք են «ստեղծել» որպես իրենց «հանգրվան» և հավաքվում են այնտեղ, բայց նշում են, որ շուտով կունենան իրենց գրասենյակը։
Հին ձևով աշխատող անհատ տաքսու վարորդները «հանգրվանում են» մի փոքր այն կողմ՝ Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց։ Նրանք համաձայն չեն, որ նոր տաքսի ծառայությունն ավելի հարմար է ու պահանջված, քան մասնավոր տաքսիները։
«Օրինակ, իմ ընկերներն օգտվեցին տաքսի ծառայությունից, և դա նրանց վրա շատ ավելի թանկ արժեցավ, քան մերը: Սպասելու համար նրանք գումար են վերցնում, իսկ երկար ճամփորդությունների ժամանակ մենք սպասում ենք մարդկանց և հետ բերում առանց առասպելական գներ պահանջելու»,- մեկնաբանում է Ախալքալաքի մասնավոր տաքսիստներից մեկը։
Նրա խոսքով, տաքսիների շուկայում իրավիճակը նոր ծառայության ի հայտն գալով չի փոխվել։
«Դուք գիտեք, թե ինչպես է մեր քաղաքում, եթե ինչ-որ նոր բան է հայտնվում, մարդիկ անմիջապես վազում են այնտեղ: Հաճախորդը ինչ-որ պահի անցել էր նոր ծառայության, բայց հետո հասկացել էր, որ իրենց գինն արդյունքում ավելի բարձր է, քան մերը: Օրինակ, նրանք Ծալկայով 200 լարիով են տանում Թբիլիսի, եթե պետք է սպասեն ու հետ բերեն, ուրեմն 300-350 են վերցնում: Իսկ ես եթե տանում եմ հիվանդանոց, մի քիչ սպասում եմ և հետ եմ բերում, լավ, առավելագույնը 15-20 լարի ավել եմ վերցնում»։
Նրա խոսքով՝ նա օրական 5-10 հաճախորդ ունի:
Մինչ տաքսու վարորդների տարբեր բևեռները հակադրվում են միմյանց, ախալքալաքցիները նշում են, որ տաքսի ծառայություններից օգտվելն իրենց համար շատ ավելի հարմար է դարձել։
«Նախկինում 2-3 ծանոթ վարորդների պետք է զանգեի ու հուսայի, որ նրանք ազատ են, իսկ եթե զբաղված են, ուրեմն վերջ, չէի կարող գնալ, նաև ուշ ժամերի, 7-ից հետո չէին աշխատում: Հիմա ես ցանկացած պահի մուտք եմ գործում հավելված, տաքսի եմ պատվիրում, և այն գալիս է»: