Արդեն մի քանի օր է Ախալքալաքում հերթեր էր գոյանում LIBERTY բանկի բանկոմատների դիմաց, քանի որ քաղաքում գործող երեք բանկոմատներն էլ դատարկ էին։ Գրեթե երեք օր Ախալքալաքի բանկոմատներում գումար չկար։ Հերթերը գոյանում են ամեն ամիս թոշակ ստանալու օրերին:
Այս խնդիրը արդեն տարիներ շարունակ չի լուծվում շրջանում: Բանկոմատների քանակը քիչ է՝ երեք հատ քաղաքում է տեղադրված, որից երկուսը բանկում, մյուսը քաղաքապետարանի դիմաց, ևս երկու բանկոմատ կա երկու հասարակական կենտրոններում՝ Բարալեթում և Գումբուրդոյում:
Այդ երկու գյուղի բնակիչները օգտվում են իրենց գյուղի բանկոմատներից, սակայն ոչ բոլորը գիտեն այդ բանկոմատների մասին, ինչպես նաև բնակիչները գալիս են քաղաք, որպեսզի թոշակը ստանան, առևտուր անեն, հոգան այլ հոգսերը ու գնան տուն:
Սուսան տատիկը իր գյուղից հասել էր քաղաք վերջին խնայած 5 լարիով, որպեսզի ստանար թոշակը։ 5 լարիով հասել էր քաղաք, և քանի որ բանկոմատներում գումար չէր եղել, չէր կարողացել ստանալ թոշակը և նստած մտածում էր թե ինչպես պետք է հետ գնա։
Թոշակառուների հաշվեհամարները Վրաստանում սպասարկում է LIBERTY բանկը: Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 9094 թոշակառու։ Սակայն LIBERTY բանկի բանկոմատներից օգտվում են ոչ միայն թոշակառուները, ալև սոցիալական օգնություն ստացողները, ինչպես նաև մի շարք ընկերությունների և պետական աշխատակիցները:
LIBERTY բանկի Ախալքալաքի մասնաճյուղի մենեջեր Իրակլի Մելիքիձեն 2023 թվականի հուլիս ամսին Jnews-ի հետ զրույցում ասել էր, որ սակրեբուլոն նույնպես նրանց նամակով դիմել է բանկոմատների քանակն ավելացնելու խնդրանքով, և իրենք այդ խնդրանքը փոխանցել են վերադասերին, այդ հարցը պետք է քննարկվեր, սակայն հարցը լուծում կստանար, թե ոչ, նա չէր կարող պատասխանել: Այսօրվա դրությամբ փաստը այն է, որ այդ հարցը չի լուծվել, բանկոմատների քանակը չի ավելացել:
Այդ հարցը լուծում կստանա թե ոչ, Իրակլին մեզ չկարողացավ պատասխանել, մենք պաշտոնապես կդիմենք LIBERTY բանկին և մեր ընթերցողին կներկայացնենք նրանց պատասխանը:
Այս թեմայով նաև կարող եք կարդալ՝
Ինչու են թոշակառուները հերթ կանգնում