Հուլիսի 3-8-ը Իտալիայի Պեզարո քաղաքում կայացած դասական երաժշտության «Ապագայի աստղեր 2018» մրցույթ փառատոնի առաջին մրցանակի դափնեկիրը դարձել է Անահիտ Ստելմաշովը Ախալքալաքից:
Իտալիայում տեղի ունեցած Դասական երաժշտության 8-րդ միջազգային փառատոնից Վրաստանը ներկայացնող Անահիտ Ստելմաշովը ոչ միայն առաջին մրցանակն է իր հետ բերում, այլև վաստակել է 2019 թվականին Իտալիայում համերգ ունենալու հնարավորություն:
Անահիտ Ստելմաշովը տարբեր կատարումներով հանդես է եկել Իտալիայի երեք քաղաքներում կայացած համերգների ժամանակ:
Փառատոնի կազմակերպիչներն են Պեզարո քաղաքի միջազգային վոկալի ակադեմիան և Վրաստանի արվեստագետների միությունը «Արվեստագետները ապագայի համար»:
Անահիտ Ստելմաշովը միակ մասնակիցն էր փառատոնին Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանից: Վերջինս փառատոնի շրջանակներում հանդիպել է Իտալիայում ապրող և ստեղծագործող, հայտնի վրաց օպերային երգչուհի Նինո Լեժավայի հետ: Երգչուհին բարձր է գնահատել Անահիտի արվեստը:
Երկու օրից Անահիտ Ստելմաշովը Իտալիայից կվերադառնա Վրաստան: Փառատոնից տպավորությունների ու առաջիկա ծրագրերի մասին կզրուցենք անձամբ Անահիտի հետ:
Աղունիկ Այվազյան