Ախալքալաքի մունիցիպալիտետի թոշակառուներն ամեն ամիս թոշակ են ստանում առնվազն կես ժամ հերթ կանգնելով։ Մունիցիպալիտետում գործում է թոշակառուներին սպասարկող LIBERTY բանկի 5 բանկոմատ, իսկ շրջանում կա 8425 թոշակառու։ Լրացուցիչ բանկոմատների անհրաժեշտության մասին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները պաշտոնապես դիմել են բանկին։
Քաղաքապետարանում գործում է LIBERTY բանկի 5 բանկոմատ, որոնցից կարելի է գումար ստանալ։ Դրանք օգտագործում են ոչ միայն թոշակառուները, այլեւ շատ ուրիշներ։ Երեք բանկոմատ կա Ախալքալաքում, մեկը՝ Բարալեթ գյուղի համայնքային կենտրոնում է, մյուսը՝ Կումուրդո (Գումբուրդո) գյուղի համայնքային կենտրոնում։ Ինչպես նաև Դիլիսկա գյուղի վարչական շենքում կա LIBERTY բանկի աշխատակից, որը բաժանում է թոշակները։ Այս ամենից բացի, գյուղերով շրջում է հատուկ մեքենա ու թոշակները բաժանում։
Չնայած սրան, կենսաթոշակների բաժանման օրերին (ամսի 1-ից 15-ը) բանկոմատների մոտ հսկայական հերթեր են գոյանում։ Չէ որ նրանք մեծահասակների տարիքային խումբ են, ովքեր դժվարանում են նույնիսկ 30 րոպե հերթում կանգնել, չհաշված սահմանափակ կարողություններ ունեցող թոշակառուներին։ Նշենք, որ քաղաքի բնակիչներից բացի, Ախալքալաքի բանկոմատներից նախընտրում են թոշակ ստանալ նաեւ գյուղաբնակները։
JNEWS-ը հունիսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում այցելեց LIBERTY բանկ։ Բանկն ունի երկու բանկոմատ: Մեկը չէր աշխատում մեր այնտեղ գտնվելու ժամանակ, գումարը վերջացել էր։ Հերթ էր երկրորդ բանկոմատի մոտ, և հերթն այնքան էլ մեծ չէր, ինչպես լինում է ամեն ամսվա մինչև ամսի 10-ը: Կենսաթոշակը թոշակառուներին փոխանցվում է տարբեր օրերի՝ սկսած ամսի 1-ից։ Ուստի մինչև հուլիսի 12-ը շատերն արդեն ստացել էին իրենց թոշակները։ Բանկոմատում գումարը վերջանալու դեպքում այն լցվում է հատուկ մեքենայի կողմից, որը բանկի աշխատակիցների զանգով գալիս է Ախալցիխեից։ Այս ընթացակարգը տևում է առնվազն 2-3 ժամ:
Խանդո գյուղից Թումասյան Հասմիկը պատմում է, որ թոշակը բաժանող մեքենան գյուղ գալիս է, բայց քանի որ ինքը քաղաքում գործեր էր ուներ, նախընտրել է թոշակը ստանալ քաղաքում։
«Ես գնումներ ունեմ, պետք է դեղատուն մտնեմ, նաև ուզում եմ մթերք գնեմ, հետո մուծումներ ունեմ անելու: Այստեղից ստանում եմ ու բոլոր այս գործերն անում: Թոշակիս համար միշտ առնվազն 30 րոպե հերթ եմ կանգնում: Ոտքերս ցավում են, ոտքերս վիրահատել եմ, այսօր խնդրեցի, ինձ զիջեցին, առանց հերթի ստացա: Լավ է, որ քանակն ավելացնեն, այդ դեպքում հերթ չէինք կանգնի»,- ասում է Հասմիկ Թումասյանը։
Ազավրեթ գյուղից Վալյա Սանթաձե հերթում էր կանգնած։
«Մեքենան գալիս է, ես ուղղակի քաղաքում գործեր ունեմ, դրա հետ մեկտեղ թոշակս էլ կստանամ»,- ասում է Վալյա Սանթաձեն։
Օրջա գյուղի մի բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ մեքենաները ուշ են գալիս գյուղ, ուստի իրենք գալիս են քաղաք։
«Մեքենան ուշ է գալիս, հերթ ենք կանգնում, փողը պետք է, գալիս ենք քաղաք»,- ասաց նա։
LIBERTY բանկի Ախալքալաքի մասնաճյուղի մենեջեր Իրակլի Մելիքիձեն Jnews-ի հետ զրույցում ասաց, որ մեքենան գյուղերով շրջում է յուրաքանչյուր ամսվա 10-ից։ Մասնաճյուղն ունի ընդամենը մեկ մեքենա։
«Մինչև 10-ը թոշակ ստացող թոշակառուների թիվը շատ չէ, 10-ից հետո ավելանում է, հետո մեքենան անցնում է գյուղերով, օրական 5-6 գյուղ մտնում է: Բարալեթ գյուղում, որտեղ Համայնքային կենտրոնում բանկոմատ կա, մոտակա գյուղերի թոշակառուները կարող են թոշակը ստանալ այնտեղից: Սակրեբուլոն մեզ նամակ է ուղարկել բանկոմատների քանակն ավելացնելու խնդրանքով, մենք փոխանցել ենք վերադասերին, նրանք կքննարկեն՝ կավելացնեն թիվը, թե ոչ, ես չգիտեմ»,- ասաց Իրակլի Մելիքիձեն։