Ախալքալաքի Աշուղական դպրոցի նախկին սան, հիմա արդեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արա Գյուլբեկյանը իր տաղանդով և աշխատասիրությամբ նվաճում է միջազգային բեմեր: Նա հասել է իր որոշ երազանքներին, սակայն չի դադարում երազել, և նրա նպատակներից մեկն է գրավել մեծ բեմեր ինչպես նաև օգնել Ջավախքի երիտասարդներին նոր հնարավորություններ բացահայտելու գործում:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղից Արա Գյուլբեկյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Լավագույն 2024» Արվեստների միջազգային մրցույթի «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին հորիզոնականին, որտեղ նա կատարել է Սայաթ Նովայի երգերի շարք: Ուսանողի նվաճումների մասին տեղեկությունը տարածել էր Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի մամուլի ծառայությունը:

21 ամյա Արա Գյուլբեկյանը իր երաժշտական ուղին սկսել է դեռևս 6 տարեկան հասակում, երբ մայրն ու տատը, ինչպես Արան կատակով է նշում, ստիպողաբար տանում էին երգի դասերի: Ծիծաղով է հիշում, թե ինչպես Ախալքալաքի մշակույթի տան աստիճաններին էր ոտքերը հենում, որ չտանեին դասի: Հիմա նա գիտակցում է, թե ինչքան կարևոր են եղել այդ տարիները իր մասնագիտական կայացման գործում: Արան իր առաջին քայլերը սկսել է Ախալքալաքի մշակույթի տան Աշուղական դպրոցում, ուսուցիչ Աշուղ Ալիք Ջավախքի մոտ, իսկ բացի երգից, Վաչիանում ավելի քան 10 տարի հաճախել է ազգակրական պարի և եղել է Վաչիան պարային համույթի սանը, իսկ հիմա խմբի մեներգիչն է:

Տարիներ անց Արան որոշել է ընդունվել կոնսերվատորիա, սակայն մինչ կկայացներ վերջնական որոշումը, ստիպված է եղել հաղթահարել տարբեր դժվարություններ: Շրջապատից շատերն ասել են, որ ավելի լավ է արհեստ ձեռք բերի, այլ ոչ թե երգիչ դառնալու մասին երազի, քանի որ ավարտելուց հետո գումար աշխատելու համար այլ ճանապարհներ է փնտրելու, բայց այս հարցում Արայի ընտանիքն աջակցել է նրան, հորդորելով, որ տղան գնա իր երազանքների հետևից: 2022 թվականին նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բացառիկ բարձր քննական արդյունքներ հավաքելով, նա այժմ անվճար համակարգով է ուսումն ստանում:

«Աստված ինձ երգելու շնորհ է տվել, և ես մտածեցի, որ պարզապես իրավունք չունեմ երազանքիցս հրաժարվելու: Ուշադրություն չդարձնելով կարծրատիպերին, հստակ քայլեր արեցի երաժշտության մեջ իմ տեղը գտնելու համար»:

ara

Արան մասնակցել է տարբեր մրցույթների, վերջինը, որ մեր հերոսի կյանքում մեծ նշանակություն ունեցավ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Լավագույն 2024» Արվեստների միջազգային մրցույթի «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին հորիզոնականին:

«Մրցույթին մասնակցելու խորհուրդ տվեց իմ պարի խմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նասլեթ Քեյանը, մինչ մրցույթն ունեի 10 օր, որը այդպիսի պայմաններում բավականին քիչ ժամանակ էր և հենց այդ պատճառով էլ վստահ չէի, որ կկարողանամ առաջին հորիզոնական զբաղեցնել: Երբ հայտարարում էին հաղթող մասնակիցների անունները, ամեն անգամ այլ հորիզոնականներում հնչած անունների ժամանակ ուրախանում էի. և հույսս ավելի էր մեծանում, որ առաջին հորիզոնականում կլսվի հենց իմ անունը: Եվ այդպես էլ եղավ, զգացողություններս աննկարագրելի էին, այդ պահին ես զգացի իմ աշխատանքի արդյունքը և ինքս ինձ ապացուցեցի, որ կարող եմ»:

Առաջին մարդը, ում մրցանակը ստանալուց անմիջապես հետո զանգել է՝ մայրն է եղել, քանի որ հենց նրա աջակցության շնորհիվ էր կարողացել հասնել նման արդյունքի:

ara 3

«Շատ անգամ էի մարդկանցից լսել, որ երգիչ դառնալու կամ հաղթանակներ ունենալու համար կապեր են անհրաժեշտ, բայց հիմա ես պարզ ճակատով կարող եմ այդ մարդկանց ասել, որ միայն երազանքին հավատալն ու աշխատելը բավական են այդպիսի արդյունք ունենալու համար, մարդ պետք է հույսը միայն դնի իր վրա և չսպասի որևէ մեկից օգնության»:

Ավարտելուց հետո նա երազում է նաև մեծ բեմեր նվաճել և բազում հաղթանակներ գրանցել, բացի այդ նա ցանկանում է իր շրջանի երաժշտական զարգացման մեջ իր դերն ունենալ:

ara 5

ara 2

Մեր այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար Արան այն մարդկանց, ովքեր դեռ տատանվում են կամ վախենում են դժվարություններից երգիչ դառնալու ճանապարհին, նա պատասխանեց.

«Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր իրենց մեջ զգում են երգելու տաղանդը, անպայման օգտագործեն այն, քանի որ Աստված բոլորին չէ, որ տալիս է այդ շնորհը, չվախենան բարդություններից, կամ չլսեն այն մարդկանց, ովքեր ասում են, որ չի ստացվելու: Վստահ եմ, որ մարդու կյանքում գալիս է պահ, երբ մարդը կամ ինքն իրեն շնորհակալություն է հայտնում երազանքի հետևից գնալու համար, կամ չի ներում հանձնվելու և ոչ սիրելի գործով զբաղվելու համար»:

ara 4

Արան իր կայացման մեջ ամենամեծ դերը տալիս է սեփական ընտանիքին, ում վստահեցնում է, որ հաղթանակի մասին լուրեր փոխանցելու համար զանգերը դեռ շատ-շատ են լինելու:

Նա նաև իր շնորհակալությունն է հայտնում գյուղում ազգագրական պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեյանին,ում խորհրդով և հորդորով էլ նա մասնակցել էր այդ մրցույթին և հաղթանակ գրանցել,նա առանձնակի շնորհակալություն է հայտնում նաև բարերար Լյովա Մանուկյանին, ով լավ ընդունել, խրախուսել և բացառիկ վերաբերմունք է ցուցաբերել իրեն և գյուղից այլ մասնակիցների,ինչպես նաև իր դասախոս Արզաս Ոսկանյանը իր տված երաժշտական կրթության համար: