Հայաստանի աճպարարների միության նախագահն այցելել է Ախալքալաք: Jnews-ը նրանից հետաքրքրվել է Ջավախքի համար անսովոր այս արվեստի առանձնահատկությունների մասին։
Խաբկանք՝ հավատա՞լ, թե ոչ:
Սովորական մարդու ամենատարածված հարցն աճպարարին հավատալ-չհավատալն է նրան, այն ինչ կատարվում է բեմում ներկայացման ժամանակ: Վարդան Ամիրյանը թերահավատորեն է մոտենում այս հարցին.
«Սա եկեղեցի չէ, որ հավատանք կամ չհավատանք, սա 5000-6000 տարվա պատմություն ունեցող արվեստ է, կարող ենք կամ ընդունել, կամ չընդունել: Ծնունդից ի վեր մենք երկինք ենք նայում, սպասում ենք հրաշքի, մենք (խմբ. աճպարարներս) հենց այս հրաշք իրականացնողներն ենք»,- ասում է Վարդան Ամիրյանը։
Նա խոստովանում է, որ հայ հանդիսատեսն ամենից բարդ հանդիսատեսն է, ամենաբծախնդիրը:
«Եթե հայ հանդիսատեսին դուր եկար, ուրեմն աշխարհում խնդիրներ չունես։ Մենք հին մշակույթ ունենք, և, հավանաբար, դա մեզ ստիպում է այդպիսին լինել, մենք բոլոր ժանրերում էլ այդպիսին ենք, ամեն ինչից որակ ենք պահանջում։ Միայն վերջերս այս որակը սպանում են, բայց մենք միևնույն է պահանջկոտ ենք»,- նշում է Վարդանը։
Նա կարծում է, որ ցանկացած տեսակի արվեստում մեծ դեր է խաղում արվեստագետի քրտնաջան աշխատանքը, բայց ավելի կարևոր է ի վերուստ շնորհված լինելը։
«Անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում, միեւնույն է, դա պահանջում է քրտնաջան աշխատանք, անկախ նրանից, թե որքան շնորհալի եք: Ո՞րն է տարբերությունը: Երբ երաժիշտը նվագում է հոգով, դա գալիս է վերեւից։ Երաժիշտը, ով ինչ-որ բանի է հասել քրտնաջան աշխատանքով, արհեստականորեն, լավ տեխնիկա ունի, միևնուն է, հոգի չկա»։
Վարդանը միանգամայն պատահաբար մտավ այդ մասնագիտության մեջ: Աշխատել է որպես ռադիոհաղորդող օպերատոր Առնո Բաբջանյանի անվան հաներգասրահում, որտեղ 10 օր հյուրախաղերով ժամանել էր ռուս աճպարար Հարություն Հակոբյանը (խմբ. հանրահայտ Հմայակ Հակոբյանի հայրը)։
«Նա միայն ինձ էր թույլ տալիս կուլիսներին մոտենալ, քանի որ ես պետք է ամեն ինչ միացնեի։ 2 օր հետո կրկնեցի մեկ հնարք, որը տեսել էի թիկունքից, թե ոնց է նա դա անում։ Ասեց՝ զբաղվու՞մ ես, ես պատասխանեցի՝ ոչ։ Նա ասում է՝ «Բա որտեղի՞ց ես սովորել», ես ասացի «քեզնից»»,- պատմում է իլյուզիոնիստը։
Հարություն Հակոբյանը շատ էր զարմացել, որ այս ոլորտում փորձ չունեցող երիտասարդը միայն մի տեսնելով կարողացել էր անմիջապես կրկնել նման բարդ աճպարարական հնարքը:
«Այս հանդիպումն ինձ համար ճակատագրական էր»,- հիշում է Վարդանը։
2008 թվականին Վարդանը ստեղծել և ղեկավարել է Հայաստանի աճպարարների միությունը, այնուհետ վարել է «Մեծ հրաշքների փոքրիկ գաղտնիքները» հաղորդումը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։ Դրանում նա բացահայտել է իր որոշ ներկայացումների գաղտնիքները։ Վարդանը վաղուց էր ուզում գալ Ջավախք, բայց «միշտ չէր ստացվում»։ Վերջապես օգոստոսի 5-ին նրա ելույթը կկայանա Ախալքալաքի Մշակույթի տանը։
«Հնարքների մեծ մասը հին աճպարարական հնարքների իմ վերամշակումն է, որը ես ներկայացնում եմ նորովի: Ես տանը գաղտնիքները սովորեցնում եմ, կինս գիտի այն մասը, որն ինքն է անում, բայց կան բաներ, որ մինչ օրս չգիտի»,- կիսվում է Վարդանը։
Վարդանն ունի դուստր և որդի, ճակատագրի բերումով, քանի որ վերջիններիս ծնողները աճպարարության բնագավառից են, իրենք ևս անընդհատ առնչվում են այս արվեստին։ Հարցին, թե ցանկանում է, որ իր երեխաները շարունակեն իր գործը, Վարդան Ամիրյանը երկար մտածում է և ասում, որ այսօր այս ոլորտում շատ դժվարություններ կան, ինքը դստեր և որդու ապագան այս ոլորտում չէր ցանկանա տեսնել, իսկ որդին «կմեծանա և ինքը կորոշի»։