Պետական լեզվի չիմացությունը եղել և մնում է այն հիմնական խոչընդոտը, որը խանգարում է էթնիկ փոքրամասնություներին ինտեգրման հարցում՝ նպաստելով ապրել այնպիսի միջավայրում, որը կարծես «մեկուսացված» լինի երկրից: Մեր այսօրվա հերոսուհին, որը դեռ նոր է ավարտել դպրոցը, հաղթահարել է այդ խոչընդոտը՝ սովորել է պետական լեզուն:

«Ապրում ենք մի իրականության մեջ, երբ մեր հասարակությունը չի տիրապետում պետական լեզվին, ինչը Ջավախքը դարձնում է ինչ-որ չափով մեկուսացված», – նշում է Արևիկ Բալասանյանը, ով ի տարբերություն շատերի դեռ դպրոցական տարիքում կարողացել է սովորել վրաց լեզուն, և նույնիսկ, որպես կամավոր դասավանդել է, օգնելով շրջանում ապրող երիտասարդներին սովորել վրացերեն:

Արևիկ Բալասանյանն Ախալքալաքի շրջանի Կաջո գյուղից է: Գյուղի դպրոցը մեկ ամիս առաջ է ավարտել, ոսկե մեդալով: Նա արդեն դիմորդ է, գրանցվել է Հայաստանի ազգային միասնական քննություներին մասնակցելու համար: Չնայած պատրաստվում է կրթությունը շարունակել Երևանի պետական համալսարանում, բայց դա նրան չի խանգարել սովորել վրաց լեզուն:

վերջի զանգի նկար

«Վրացերենը սկսել եմ սովորել մանկուց, երբ գյուղ եկավ վրացերենի մասնագետ, այդ ժամանակ էլ հասկացա, որ այս լեզուն ինձ շատ է դուր գալիս և սկսեցի փնտրել ուղիներ լեզուն լավ յուրացնելու: Սկսեցի մասնակցել տարբեր ծրագրերի և կարճ ժամանակում ինձ հաջողվեց հասնել այն մակարդակին, որ հաղորդակցվեմ վրացիների հետ: Մասնակցեցել եմ նաև Առաջին ալիքի կազմակերպած օլիմպիադային, այն ոչ վրացալեզու աշակերտների համար էր, որտեղ ես զբաղեցրի երկրորդ հորիզոնականը: Ինչն էլ ավելի նպաստեց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը», – նշում է Արևիկը:

Նրա խոսքով, այն միջավայրը, որտեղ նա է ապրում ինտեգրման խնդիր ունի, մարդիկ չեն տիրապետում վրաց լեզվին: Արևիկը որոշել է իր իմացած գիտելիքներով կիսվել Ջավախքի երիտասարդների հետ և որպես կամավոր սկսել է դասավանդել վրացերեն: Այդպիսով, հնարավորություն տալով շրջանի բնակչությանը, ցանկության դեպքում գրանցվել և ստանալ որոշակի գիտելքներ, որոնք եթե ոչ լիարժեք, ապա գոնե մասամբ կօգնեն հաղորդակցվել վրաց հասարակության հետ:

«Շրջանում վրացերենի հանդեպ հետաքրքրությունը վերջին շրջանում սկսել է աճել, բայց չենք հասել նրան, որ բոլորը կարողանան վարժ խոսել ու հաղորդակցվել: Հենց այս պատճառներից ելնելով որոշեցի ինչ-որ լավ բան անել իմ շրջանի համար և օգնել երիտասարդներին սովորել լեզուն, դիմեցի Վրաստանի «შემეცნებითი ცენტრი»-ին կիսվելով իմ գաղափարով, նրանք հավանեցին իմ գաղափարը և մենք սկսեցինք անցկացնել դասընթացներ 10 երիտասարդի համար, շուրջ 2 ամիս տևողությամբ», – պատմում է Արևիկ Բալասանյանը:

սերտիֆիկատի նկար

Արևիկը հիշում է առաջին իսկ դասընթացին մասնակցելու համար իրեն դիմել են բազմաթիվ երիտասարդներ, ինչպես Ջավախքից այնպես էլ Հայաստանից և Մառնեուլի հայաբնակ գյուղերից:

Վերջին շրջանում պայմանավորված վերջին զանգի միջոցառման պատրաստություներով և ազգային քննություններով, մեր հերոսուհին չի դասավանդում, բայց ապագայում պատրաստվում է դասավանդել, բայց ոչ թե վրացերեն հայերի համար, այլ հայերեն վրացիների համար:

«Հայոց լեզու դասավանդելու փորձ արդեն ունեմ, ունեցել եմ 2 խումբ, որոնցից մեկի հետ մինչև 3 ամիս տևողությամբ: Ուրախալին այն է, որ հայոց լեզվի դասերին գրանցվել և մասնակցում էին նաև հայտնի վրացիներ, կարող եմ նշել օրինակ վրացի հայտնի նկարիչ, լրագրող և բանաստեղծ Լևան Ցալուղելացվիլին»:

Արևիկը մասնակցել և մասնակցում է տարբեր ծրագրերի: Մի քանի նախագծերում կամավորական աշխատանք է իրականացնում:

«Կամավորական եմ մի քանի կազմակերպություներում: Կամավորական եմ Helping hand-ում, ՄԵՄ-ում, Կարմիր խաչում և շատ այլ ծրագրերում, որպես կամավոր համագործակցել եմ նաև Յունիսեֆի հետ Covid-19-ի շրջանում որտեղ մեր հիմնական առաքելությունը մարդկանց իրազեկության բարձրացումն էր, որպեսի մարդիկ պատվաստվեին վիրուսի դեմ», – ասում է մեր հերոսուհին:

havastagrery

Արևիկը որոշել է Երևանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնալու է Ջավախք և իր ձեռք բերած գիտելիքները օգտագործելու՝ ի նպաստ Ջավախքի զարգացմանը:

«Ջավախքը զարգանալու մեծ շանսեր ունի և այդ շանսը մենք ենք, մենք պետք է վերադառնանք ու զարգացնենք մեր ծննդավայրը», – եզրափակում է Արևիկը: