Ախալցիխե քաղաքից Լենա Թաթևոսյանը, ում շնորհիվ Սամցխե-Ջավախքում բացվեց առաջին ցանցային գրադարանը, օրերս դարձավ «Ծիլ» 2023 մրցույթի հաղթողներից մեկը` իր հեղինակային բանաստեղծություններով:
«Ծիլը» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիր է, որի նպատակն է երկարաժամկետ համագործակցության ակնկալիքով բացահայտել այնպիսի ստեղծագործող երիտասարդների կամ պատանիների, որոնց աշխատանքներն առնչվում են ազգային արժեքներին, ինքնությանն ու դրանց զարգացմանը, նրանց, ովքեր փորձում են գտնել համազգային նշանակության հարցերի պատասխաններ և ներկայացնում արժեքավոր գաղափարներ:
Չարենցի տուն-թանգարանն այս անգամ հյուրընկալել էր մի հրաշք նախագծի՝ «Ծիլ» երիտասարդ ստեղծագործողների մրցույթի մասնակիցներին, որոնք համարձակորեն, գրիչ վերցնելով իրենց խոսքն են ասում մերօրյա վայրիվերումներին զուգընթաց:
«Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր շուրջն ապրում են տաղանդավոր, բանիմաց և խորը ներաշխարհով երիտասարդներ: «Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիրը «Ամրոց» հիմնադրամի հետ միասին հանձն է առել ստեղծագործ երիտասարդներին բացահայտելու և աջակցելու գործը: Ծիլերը կան՝ բազմերանգ ու բազմաելևէջ, ապագայում կտեսնենք գեղեցիկ մի համայնք, որն աներևակայելի արագ թվայնացվող աշխարհում կստեղծի արարող, ստեղծագործ երիտասարդների մի ընտանիք», – նշված է «Ծիլի» հայտարարության մեջ:
«Ծիլ» 2023 մրցույթին այս տարի մասնակցել է 62 դիմորդ ՀՀ-ից և Ջավախքից, որոնցից 28-ն անցել են երկրորդ փուլ, իսկ վերջում հայտարարվել է 19 դափնեկիր, որոնցից մեկն էլ Լենա Թաթևոսյան է: Որպես մրցանակ Լենան ստացել է դրամական պարգև, ինչպես նաև «Ծիլ» համայնքին միանալու հնարավորություն:
Լենան փոքրուց է սիրել գրականությունը, միշտ հետաքրքրված է եղել գրականությամբ և բանաստեղծություններ է գրում:
«Նախ սկսեմ, որ ստեղծագործել և գրականության աշխարհը սիրել սկսել եմ դեռ շատ մանկուց, երբ բոլորի համար մանկական խաղ էր գրիչս, իսկ ինձ համար չէի հասկանում ինչ։ Չէի հասկանում բայց ուզում էի անդադար գրել։ Մի քիչ մեծացա և ահա գրականությունը դարձավ իմ կյանքի ուղղին», – նշում է Լենան:
Մրցույթի ու գրականության մասին խոսելիս, Լենայի դեմքին ակամայից հայտնվում է ժպիտը, դե իսկ պատճառը գրականությունն է: Լենան մրցույթի մասին առաջինը իմացել է ՄԵՄ ՀԿ-ից (ՄԵմ-ը մարզերի երեխաները մարզերում, հասարակական կազմակերպություն է) և ցանկացել է մասնակցել:
«Մի քանի ամիս առաջ իմացա, որ բացվել են «Ծիլ» 2023 մրցույթի հայտերը։ Անձս մոռացած մի քանի օր ու գիշեր կպած աշխատեցի հնարավորինս լավ ներկայանալու համար։ Թեմաները հարազատ էին, արդեն հունիսի 9-ին իմացա, որ անցել եմ երկրորդ փուլ, երջանիկ երեխա էի, հաջորդ փուլը հարցազրույցի փուլն էր: Մի շաբաթ առաջ ինձ գրեցին, որ հրավիրում են Երևան մրցույթի ամփոփմանը մասնակցելու, սկզբում կասկածում էի, վախենում էի առանց հստակ պատասխան իմանալու գնալ հասնել Երևան, և մինչև մրցույթի վերջին պահը կասկած կար, որ չեմ հաղթի, բայց միանգամից լսեցի անունս, որ հաղթել եմ, իմ մոտ ստացվել է, գնացի դեպի իմ ամենամեծ երազանք` գրականության աշխարհ, խոստանում եմ «ԾԻԼ»-ում արդարացնել ինձ, հավերժ ձեռքերիս մեջ ամուր բռնել գրիչս ու կիսվել նրա հետ հավերժ։ Ես վստահ եմ, որ «Ծիլը» կտա մեզ հնարավորություն զարգանալու այնտեղ, որտեղ գտել ենք կյանք», – պատմում է Լենան:
Լենան բոլորին կոչ է անում զբաղվել սիրած գործով, անկախ ամեն ինչից չհանձնվել ու գնալ երազանքի հետևից:
«Մեր սիրտը, որ ուղղությամբ էլ բաբախի, կգտնենք էդ ճանապարհով քայլելու հնարավորություն։
Պայքարն է տալիս արդյունք», – եզրափակում է Լենան:
Կարդացեք նաև՝
«Երազանքները թույլերին չեն սիրում». 17-ամյա աղջիկը գրադարան է բացել