Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղից Պետրոս Ամիրխանյանը մասնակցելով Ersasmus+ ծրագրին և բարեհաջող հաղթահարելով ծրագրի փուլերը, հինգ ամիս ուսումը կշարունակի Լիտվիայի Applied Sciences համալսարանում:  Մեր հերոսը դեռ պատանի տարիքից հետաքրքրված է եղել այս ծրագրով, իսկ այսօր արդեն ծրագրի շահառուներից է։

Պետրոսը նախնական կրթությունը ստացել է Կարտիկամ գյուղի հանրային դպրոցում, այնուհետև՝ 1+4 ծրագրով ընդունվել է Իլիայի պետական համալսարան, այժմ  4-րդ կուրսի ուսանող է, սովորում է բիզնես և տեխնոլոգիաներ բաժնում՝ համակարգչային ինժիներիա մասնագիտությամբ: Մեր հերոսը մասնագիտական ընտրությունից գոհ է, նշում է՝ նախքան որոշում կայացնելը մանրակրկիտ ուսումնասիրել է աշխատաշուկան:

«Ես լավ գիտակցում էի, որ տեխնոլոգիաների ոլորտը մեծ պոտենցյալ ունի ու տարեցտարի զարգանում է։ Շատ բաներ արդեն կապված են տեխնոլոգիաների հետ և համապատասխանաբար տվյալ ոլորտի մասնագետների կարիքը կա, ներկայիս իրավիճակն էլ խոսում է այն մասին, որ ամեն բան շուտով կտեղափոխվի տեխնոլոգիական դաշտ»:

Պետրոսը նշում է՝ սկզբնական շրջանում բավականին բարդ է եղել, բայց ժամանակի հետ կարողացել է բարելավել վրացերենի իմացությունը և ամեն ինչ ավելի հեշտ է դարձել, քան կարող էր ենթադրել։
Peton - 1
Պետրոսը բացի համալսարանական զբաղվածությունից մասնակցում է տարբեր ծրագրերի, այդ թվում՝ նաև կամավորական աշխատանքների։

«Հիմա ակտիվ մասնակցում եմ տարբեր միջազգային և շրջանային ծրագրերի, փորձում եմ հնարավորինս ակտիվ լինել, տարբեր ծրագրերով հասցրել եմ լինել եվրոապական երկրներում։ Վերջերս մասնակցեցի Erasmus+ ծրագրին, որի շրջանակներում մեկ կիսամյակ կսովորեմ Լիտվիայում: Դեռ պատանի տարիքից շատ էի ցանկանում կրթություն ստանալ արտասահմանում և Եվրոպայում կրթություն ստանալն իմ ամենամեծ նպատակներից մեկն էր»:

Հանձնելով անգլերենի միջազգային քննությունը կարողացել է առավելագույն միավորներ  հավաքել և ստացել է դրական պատասխան:

Մեր հարցին, թե՞ արդյոք չի վախենում լրիվ անծանոթ միջավայրի դժվարություներից, Պետրոսը պատասխանեց․

«Շատ երիտասարդներ վախենում են հենց միայնակությունից և դրանից բխող դժվարություներից, որը խանգարում է նրանց կարիերայի զարգացմանը: Բոլորին խորուրդ եմ տալիս չվախենալ, վստահ լինել սեփական ուժերի նկատմամբ և գնալ առաջ, դե իսկ արտերկրում կրթություն ստանալը շատ դռներ կբացի նրանց առջև»: