Ախալքալաք-Կարծախ միջազգային ավտոճանապարհի նախկին 1-ին զինվորական ավանի մոտակայքում գտնվող սկզբնական հատվածի փոսերը, որոնք այս տարվա փետրվարի վերջին ժամանակավորապես լցվել էին սառը ասֆալտով, կրկին անանցանելի են։ Երեկ՝ ապրիլի 4-ին, այս փոսերը կրկին ժամանակավորապես լցվել են սառը ասֆալտով, դա կատարել են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները։

2023 թվականի սկզբից Ախալքալաք-Կարծախ Միջազգային ավտոճանապարհի «Գորոդոկ» հատվածը անանցանելի վիճակում է, ամեն անգամ, երբ JNEWS-ը հետաքրքրվում էր այս խնդրով, Ճանապարհային վարչությունից մեզ ասում էին, որ այս ճանապարհին աշխատանքներ են տարվում, և շուտով կսկսեն նաև այդ հատվածում, սակայն որևէ աշխատանք չի իրականացվել։ Այս հատվածում մեծ ու խորը փոսեր են գոյացել, ինչը դժվարացնում է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Ախալքալաք-Կարծախ ճանապարհին բազմաթիվ ծանր բեռնատարներ տարանցմամբ անցնում են Թուրքիա կամ այնտեղից են գալիս։ Բեռնատարների վարորդները դժգոհում են, որ չնայած, որ տարանցման համար նրանք վճարում են, ստիպված են դիմանալ նման անհարմարություններին։ Մի քանի անգամ նույնիսկ բեռնատարներ են խափանվել ճանապարհի անանցանելիության պատճառով։ Ինչ ասեն տեղացիները, ովքեր ստիպված են լինում ամեն օր մի քանի անգամ անցնել այս լաբիրինթոսով։

Անցած 2023 թվականի ընթացքում «Արալի» ընկերությունը, որը պետք է վերականգներ այս տարածքը, և Ճանապարհային վարչությունը Jnews-ի հարցերին պատասխանում էին, որ շուտով կսկսեն այս տարածքի վերականգնումը, սակայն այն մինչ օրս դեռ չի բարեկարգվել։

3

Այս տարվա փետրվարի 20-ին Ճանապարհային վարչություն մեր զանգից հետո, հաջորդ օրը «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը սառը ասֆալտով լցրեց այս հատվածի փոսերը, բայց մեկ ամիս էլ չի անցել, փոսերը նորից բացվել են ու դժվարացնում են մեքենաների տեղաշարժը։

Երեկ՝ ապրիլի 4-ին, տեղական իշխանությունների խնդրանքով, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը փոսային լցման աշխատանքներ իրականացրեց։ Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, երեկ իրենք աշխատել են տարածքի ժամանակավոր բարեկարգման վրա, և «Արալի» ընկերության աշխատակիցներին այդ վայրում չեն տեսել։ «Արալի» ընկերության աշխատակիցները, ըստ Ռստակյանի, աշխատում են Կարծախ գյուղում: Սպասարկման կենտրոնը համապատասխան տեխնիկա խնդրել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից։

1

Այս աշխատանքների մրցույթը շահած «Արալի» ընկերությունը երկու անգամ տուգանվել է այդ հատվածում պարտավորությունները չկատարելու համար։ Ճանապարհային վարչությունից Jnews-ին հայտնեցին, որ այս հատվածը վերանորոգվելու է այլ ընկերության կողմից։ Բայց «Արալի» ընկերությունից ասացին, որ այս հատվածի աշխատանքներն իրականացնելու են իրենք։

Jnews-ը երեկ կապ էր հաստատել «Արալի» ընկերության հետ։

«Վաղը մենք ժամանակավոր ասֆալտ ենք լցնելու, 10 օրից, հենց եղանակը լավանա, կսկսենք կապիտալ աշխատանքները»,- ասաց «Արալի» ընկերության ղեկավար Գոդերձի Բոլքվաձեն։

Գոդերձի Բոլքվաձեն չգիտեր, որ այդ հատվածում երեկ Ախալքալաքի սպասարկման կենտրոնն արդեն փոսերը ժամանակավոր լցրել է։

«Գորոդոկի» ճանապարհին մանրախիճ են լցրել

«Արալի» ընկերությանը երկու անգամ տուգանել են «Գորոդոկի» ճանապարհահատվածի պատճառով