Հունիսի 13-ին Ախալքալաքի շրջանում հորդառատ անձրևներն ու կարկուտը վնասել էր ցանքատարածություններ, ճանապարհներ և կամուրջներ։ Ընդհանուր տուժել էր 10-15 գյուղ, ամենաշատը՝ Լոմատուրցխ, Բարալեթ և Կաջո գյուղերը։ Իսկ ավելի ուշ՝ հուլիսի 4-ին, Վաչիան գյուղում ուժգին կարկուտ ու քամի էր սկսվել, որը վերածվելով պտտահողմի (տորնադո) թռցրել էր մարդկանց տների տանիքները։ Jnews-ը փորձել է պարզել, թե ինչպիսի՞ օգնություն են ստացել աղետից տուժածները:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ բնական աղետից բոլոր տուժածները ստացել են համապատասխան փոխհատուցում։

«Վաչիան գյուղի աղետից անմիջապես հետո մեր տեղական հանձնաժողովը դեպքի վայր էր ժամանել։ Ինչպես գիտենք 100%-ով հնարավոր չէ փոխհատուցել, բայց մեր ունեցած հնարավորությունների չափով փորձել ենք օգնել բոլոր տուժածներին։ Գումարի տեսքով փոխհատուցում է ստացել 25-27 ընտանիք։ Լոմատուրցխում ունեցել ենք ճանապարհների հետ կապված խնդիր, որն արդեն հարթեցվել և բարեկարգվել է։ Կաջո գյուղում ևս փոխհատուցումներ եղել են, մեծ չափով վնասվել էր դաշտեր տանող կամուրջը, որն արդեն վերակառուցվել է, բայց ճանապարհների հարթեցման աշխատանքները կիսատ են մնացել, որոնք մոտ օրերս կհասցվեն ավարտին։ Նույնը Բարալեթի դեպքում է եղել, գնահատվել է վնասի չափը և փոխհատուցվել»:

Աղետների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ՝ Երեկվա կարկուտից Ախալքալաքում ամենաշատ տուժել է երեք գյուղ

Վաչիան գյուղում տորնադոն լուրջ վնասներ է հասցրել