Այսօր՝ փետրվարի 21-ին, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի սկզբնական հատվածում, այսպես կոչված «Գորոդոկի» մոտի ճանապարհափոսերը ժամանակավորապես մանրախիճ են լցրել։ Իհարկե, մանրախիճը խնդիրը չի վերացրել, սակայն ժամանակավորապես փակել է ճանապարհի ահռելի փոսերը։

Նշված ճանապարհահատվածն արդեն մի քանի տարի է ինչ գտնվում է անբարեկարգ վիճակում։ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի այդ հատվածը պետք է վերանորոգեր «Արալի» ընկերությունը, սակայն ընկերությունում ամեն անգամ մի պատճառ են նշում և ճանապարհի բարեկարգումը ձգձգվում է։

2

Jnews-ը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամկղրելիձեի հետ, ով ասաց, որ «Արալի» ընկերությունը երկու անգամ տուգանվել է այդ խնդիրը չվերացնելու պատճառով, և նրանք պետք է դիմեն «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը, որպեսզի այդ հատվածում ժամանակավորապես սառը ասֆալտ լցնեն։

Դեռ 2023 թվականի սկզբից այդ ճանապարհահատվածը անանցանելի վիճակում է, ամեն անգամ խոստանում են ասֆալտապատել, սակայն ոչ ոք չի կատարում իր խոստումը։ Վարորդները հնարավորության դեպքում խուսափում են այս ճանապարհով երթեւեկել, սակայն այս ճանապարհը շատերի համար կենսական նշանակություն ունի։ Միջազգային նշանակության այս ճանապարհով են անցնում նաեւ տարանցիկ բեռնատարները։ Ճանապարհային վարչությունից խոստանում են՝ եղանակների բարելավմանն զուգընթաց ճանապարհը կասֆալտապատվի։