Տոնական օրերին, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում հայերը նշում են Սուրբ Զատիկը, Ախալքալաքի փողոցներում վաճառասեղաններ ու մեքենաներ են հայտնվում՝ վաճառելով և՛ միս, և՛ ձուկ։ Փողոցային առևտուրը վերսկսվում է:
Փողոցի մեջտեղում սեղան է դրված, վրան մսի կտորներ են, մի քիչ այն կողմ շունն է կանգնած, նայում է այս «առատության» սեղանին ու չի հեռանում դրանից։ Քիչ այն կողմ նույն իրավիճակն է՝ ֆուրգոն է կանգնած՝ կրկին մսով լի։ Ձմեռվանից հետո քաղաքը փոշու մեջ է, այն ռեագենտը, որը թափվել է փողոց, երբ ձյուն էր գալիս, իրեն զգացնել է տալիս։ Ամբողջ փոշին նստում է փողոցներում վաճառվող սննդի, մսի, ձկան, կաթնամթերքի վրա…
Այս իրավիճակը դիտվում է տոներից առաջ։ Ժամանակ առ ժամանակ տեղի իշխանությունները վերահսկողության տակ են վերցնում իրավիճակը, սակայն վերահսկողության թուլացումից հետո կենտրոնական փողոցներում կրկին հայտնվում է սննդամթերք, որը հիմնականում վաճառվում է գյուղի բնակիչների կողմից։
Մսի պասաժը, որը նախկինում շուկայի հարեւանությամբ էր, սեփականաշնորհվեց, այնուհետև վերածվեց փոքր խանութների։ Ախալքալաքում միսը վաճառվում է մի քանի առանձին խանութներում, որոնք բավարար են ախալքալաքցի սպառողին։ Բայց տոն օրերին, երբ մսի սպառումը սովորականից ավելի է, այս ապրանքի պահանջարկն աճում է, առաջարկը նույնպես: Գյուղի ֆերմերները անասուն են մորթում և տանում քաղաք՝ վաճառելու, բայց իրենց ապրանքը վաճառելու տեղ չկա, ուստի փողոցներում ժամանակավոր, ինքնաշեն վաճառասեղաններ են հայտնվում։ Սպանդանոցների մասին խոսք չկա, որոնց շահագործումը պարտադիր է մսի հետագա իրացման համար։ Սպանդանոցը, որը բացվել է 2014 թվականին՝ ապանդանոցում սպանդի պարտադիր կանոնակարգը գործարկելուց հետո, փակվել է, քանի որ մարդիկ իրենց անասուններին սպանդի չէին տանում այնտեղ։
«Ինչի՞ եք նկարում միսը: Կգան, կարգելեն վաճառել: Ինչ-որ տեղ պե՞տք է այս մարդիկ վաճառեն իրենց ապրանքը»,- ասում է բնակիչներից մեկը, ով նկատել է, որ լուսանկարահանում ենք:
Դիտարկմանը, որ մթերքը փոշու մեջ է, ո՞վ կգնի, բնակիչը հավելեց. «Ուրիշ վաճառելու տեղ չունեն, գյուղմթերքի շուկայում տեղ չկա, իսկ լուսանկարը ձեր կողմից հրապարակելուց հետո նրանց այստեղից դուրս կանեն»։
Ախալքալաքում վաղուց արդիական է շուկայի բացակայության խնդիրը, որտեղ բնակիչները կարող են վաճառել միս, ձուկ, կաթնամթերք և այլ ապրանքներ, ինչպես նաև այն, որ Ախալքալաքում շատ դժվար է պայքարել փողոցային առևտրի դեմ։
«Մենք իրավունք ունենք արմատախիլ անել փողոցային առևտուրը: Ինչ վերաբերում է սանիտարահամաճարակային կենտրոնի աշխատանքն անելուն, մենք դա չենք կարող անել: Բանն այն է, որ կան հատուկ պայմաններ, որով զբաղվում է այս կենտրոնը, այսինքն՝ կարող են ազատորեն տուգանել, կամ չթույլատրել վաճառել փողոցում։ Քանի որ սա չի համապատասխանում օրենքներին։ Կա շուկա, կան ազատ առևտրի վայրեր, բայց այնտեղ չեն գնում, որովհետև ուզում են անվճար վաճառել, առանց որևէ կոպեկ ծախսելու տեղի համար։ Ուստի շուկան ոնց էլ վերականգնեն ու սարքավորեն, ոնց ուզում են էլի այդպես էլ անում են, հետևաբար, լավ կլինի, որ սանիտարահամաճարակային կենտրոնը, հատկապես մսամթերքի կամ կաթնամթերքի նկատմամբ, սկսի տուգանել, որ հասկանան»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման ծառայության պետ Արա Մովսիսյանը:
Այստեղ խուսափում են այլ երկրներում և քաղաքներում արդյունավետ մեթոդից՝ տուգանումից, քանի որ քաղաքը, շրջանը փոքր է, բոլորը միմյանց ճանաչում են, իսկ առջևում նաև խորհրդարանական ընտրություններն են։