Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, տենդերներից և հարկային եկամուտներից խնայված միջոցներով, 2023 թվականի մունիցիպալիտետի բյուջեում կատարում է փոփոխություններ, ըստ որի կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր։ Սակրեբուլոյում փոփոխությունների փաթեթը քննարկման փուլում է, և նախագծերը կիրականացվեն, երբ փոփոխություններն ընդունվեն պատգամավորների կողմից:
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի չորս հանձնաժողովների համատեղ նիստը։ Դրանք են՝ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողով, Մանդատա դատավարական, Իրավական հարցերի և էթիկայի, Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների: Պատգամավորները քննարկեցին ներկայացված հարցերը և փաթեթն ուղարկեցին Սակրեբուլոյի բյուրո քննարկման։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ հանձնաժողովի նիստը սկսվեց Ուսուցչի ազգային օրվա առթիվ շնորհավորանքներով։ Ի դեմս Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանի, պատգամավորները շնորհավորեցին բոլոր ուսուցիչներին, շնորհակալական խոսքեր ասացին ու հաջողություն մաղթեցին նրանց։
Օրակարգում վեց հարց էր։ Առաջին հարցը վերաբերում էր ընթացիկ բյուջեի փոփոխություններին։ Փոփոխության գումարը կազմում է 574 567 լարի։ Այս փոփոխությունը կատարվել է մրցույթների, հարկերի և փոխադրումների մնացորդների խնայողությունների հիման վրա։
Փոփոխությունների համաձայն, քաղաքապետարանը մտադիր է այս տարի իրականացնել ինը ենթակառուցվածքային աշխատանքներ, աշխատանքների մի մասը կանցնի հաջորդ տարի, քանի որ դրանք չեն կարող ավարտվել այս տարի։
Աշխատանքները հետևյալ են՝
Աղմաշենեբելի փողոցի թիվ 18 բազմահարկ շենքի տանիքի վերանորոգում՝ 173 180 լարի
Նախկին զինվորական ավանի թիվ 512 շենքի տանիքի վերանորոգում` 49711 լարի
Նախկին թիվ 14 զինվորական ավանի թիվ 10 շենքի տանիքը` 35909 լարի
Դարբինյան փողոցի թիվ 50 շենքի տանիքի վերանորոգում՝ 40 267 լարի
Խանդո գյուղում ոռոգման նպատակով նոր ջրամբարի կառուցման համար՝ 170,000 լարի
Ափնիա և Բուզավեթ գյուղերի ծիսական տների համար, համապատասխանաբար 5000 և 20000 լարի
Ազատության փողոցի այգում ցայտաղբյուր տեղադրելու համար հատկացվել է 500 լարի
Վարեւան գյուղում ջրամբարի կառուցման համար հավելյալ հատկացվում է 15000 լարի: Ըստ նախագծային փաստաթղթերի, նախահաշիվը կազմում է 60 000 լարի, հատկացվել է 45 000 լարի:
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկված մնացած հարցերի մասին Jnews-ը մանրամասն կգրի իր հաջորդ նյութերում։