«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից ընտրված, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր, Էդուարդ Աղասարյանը լքել է կուսակցական խմբակցությունը։ Jnews-ին տված հարցազրույցում նա իր որոշումը բացատրեց հետևյալ կերպ․
«Վրացական երազանքի հետ տարաձայնություններ չունեմ, որոշեցի դուրս գալ «Վրացական երազանք» խմբակցությունից, որպեսզի ավելի ազատ խոսեմ այն գործընթացների ու խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ինչպես երկրում, այնպես էլ դրսում: Ես մնում եմ մեծամասնության անդամ»,- ասաց Էդուարդ Աղասարյանը։
Jnews-ի հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ինքը մինչ այս խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման հետ կապված խնդիրներ է ունեցել, նա պատասխանեց, որ նմանատիպ խնդիրներ չի ունեցել։
«Պարզապես, որ ես ավելի ազատ լինեմ ու ավելի լավ արտահայտեմ իմ մտքերը, իմ կարծիքը, իմ դիրքորոշումը և այլն, պաշտպանեմ իմ տեսակետը»,- ասաց Էդուարդ Աղասարյանը։
Նշենք, որ Էդուարդ Աղասարյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր էր ընտրվել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
Էդուարդ Աղասարյանի հետ այսօր «Վրացական երազանք» խմբակցությունը լքել է ևս մեկ այլ պատգամավոր՝ Թերեզա Չիվչյանը։ Այս առիթով այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի է ունեցել արտահերթ նիստ։ Այս պատգամավորների խմբակցությունից դուրս գալու որոշումը ներկայացվել է Ժողովին, ինչպես նաև հաստատվել են հանձնաժողովների նոր կազմերը։