Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հաշվետվություն ներկայացրե իր 2022թ.-ին կատարած աշխատանքների մասին:
Տարեկան հաշվետվության ներկայացմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը, պատգամավորներ, ԶԼՄ-ների և Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
2022 թվականի հաշվետվության համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում կայացվել է 26 որոշում, 30 հրահանգ և 106 հրամանագիր։ Տարվա ընթացքում կայացել է բյուրոյի 13 և սակրեբուլոյի 13 նիստ։ Հաշվետու ժամանակահատվածում Սակրեբուլոն ստացել է 130 գրություն և դիմում, որից 8-ը վերաբերվել են հանրային տեղեկատվությանը։
Նաիրի Իրիցյանը հակիրճ խոսեց հաշվետու ժամանակահատվածում պատգամավորների կատարած բոլոր աշխատանքների մասին՝ թե՛ հանձնաժողովային, թե՛ արտահանձնաժողովային։ Նա նշեց, որ գյուղական ամբուլատորիաներն արդյունավետ չեն, և որ նահանգապետարանի հետ միասին որոշվել է այդ կետերը, արդյունավետ կառավարման համար, փոխանցել «Վրաստանի բժշկական հոլդինգ» պետական բաժնետիրական ընկերությանը։
Սակրեբուլոյի նախագահը թվարկեց բոլոր այն նախագծերը, որոնք իրենք տարվա ընթացքում իրականացրել են տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «LAG»-ը, «Merci Corps»-ը, «FAO»-ն:
Նա նշեց, որ այս տարի Ախալքալաքն առաջին անգամ Լիտվայի Զարասայ քաղաքի հետ քույր քաղաքներ դառնալու հրավեր է ստացել։
Նաիրի Իրիցյանը խոսեց նաեւ Գենդերային հանձնաժողովի աշխատանքների մասին, որի նախագահն է.
Նա ասաց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում ստեղծվել է հինգ հանձնաժողով, ապա հինգ հանձնաժողովների նախագահներն ու ներկայացուցիչները հակիրճ պատմեցին իրենց հանձնաժողովների աշխատանքի մասին։
Ըստ հաշվետվության, մունիցիպալիտետի տեղական բյուջեից կատարվել են 4 մլն 575 հազար 697 լարիի, տարածարջանային հիմնադրամից՝ 6 մլն 317 հազար 666 լարիի, Բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամից՝ 578 հազար լարիի աշխատանքներ:
«Որպեսզի մենք կարողանանք թափանցիկ աշխատել, ստեղծել ենք կայք, որտեղ գրում ենք բոլոր աշխատանքների մասին, մեր մասին գրում են նաև ATV 12-ը, Jnews-ը, ովքեր ներկա են մեր բոլոր նիստերին, և նրանց միջոցով, հաճախ, մեր բնակչությունը իմանում է, թե ինչպիսի աշխատանք ենք մենք անում: Մեր կայքը թարմացվել է այս տարի։ Քաղաքապետարանի հետ համատեղ ենք աշխատում, մեծ մասամբ աշխատանքները համաձայնեցնում ենք նրանց հետ»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Վերջում տրվեցին հարցեր. «Լելոն Վրաստանի համար» կուսակցության պատգամավոր Զաքար Զաքարյանին հետաքրքրում էր, թե եղել են դեպքեր, երբ 13 նիստերից մեկի արդյունքում քննարկումներից հետո որևէ կետ համարվել է ոչ նպատակահարմար և հետ ուղարկվել քաղաքապետարան, և Սակրեբուլոյի կարծիքն այնտեղ հաշվի են առել։
Այս հարցին Նաիրի Իրիցյանն այսպես պատասխանեց.
«Ես իմ ելույթը սկսեցի նրանով, որ մենք միասին ենք աշխատում, եթե միասին ենք աշխատում, եթե իրենց հետ ենք նախագիծը պատրաստում, ապա ինչու հետ ուղարկել։ Բայց կար հարց, որը մենք վերադարձել ենք, օրինակ՝ Կարտիկամ, Կուլիկամ գյուղերից երեխաներին քաղաք տեղափոխելու հարցը, մենք հետ ենք ուղարկել։ Մեր աշխատանքը չի նշանակում, որ եթե վերադարձնում ես, ուրեմն գործ ես անում, մենք կարծում ենք, որ համատեղ աշխատանքը ավելի լավ է, քան վերադարձնելը»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Զաքարյանը, ինչպես նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանը չհամաձայնեցին, որ որևէ հարց նկատողություններով վերադարձվել է քաղաքապետարան։
Շիրվան Շիրինյանը նաև ասաց, որ նա չի նկատել մի նիստ, որտեղ կար քննադատություն և ինչ-որ առաջարկ:
«Մենք կազմում ենք նիստերի արձանագրություններ, ինձ հետաքրքիր է, գրանցվում են արդյոք պատգամավորների կողմից հանդիպման ժամանակ առաջ քաշված հարցերը»,- ասաց Շիրվան Շիրինյանը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հավելեց. «Մենք, չբաժանելով Սակրեբուլոն, պատգամավորներին և քաղաքապետարանը, համատեղ որոշում ենք կայացնում, ճիշտ ուղղություն ենք գտնում և աշխատում»։
Սակրեբուլոյի աշխատանքի վերաբերյալ իրենց տեսակետներն հայտնեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը, PITA կազմակերպության ներկայացուցիչ Լյոլյա Ռաիսյանը, LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը, Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբաշվիլին: