Այսօր՝ մարտի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի բոլոր հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց Պետական աուդիտի ծառայության կողմից համապատասխանության հաշվետվության մեջ նշված սխալների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների հաշվետվությունը։

Իրենց հաշվետվություններն են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական, տնտեսական զարգացման և գույքի կառավարման, ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման, ինչպես նաև Ախալքալաքի քաղաքապետարանի ներքին աուդիտի և տեսչական ծառայությունը։ Նշենք, որ Պետական աուդիտի ծառայության հիմնական դիտողություններն ու հանձնարարականները վերաբերում էին հենց այս ծառայություններին։ Յուրաքանչյուր ծառայություն ներկայացրել է իր զեկույցը հանձնարարականների և դրանց իրականացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը ներկաներին տեղեկացրեց, որ բյուջեի մնացորդների վերաբերյալ հանձնարարականի մի մասը կատարվել է, և մասնավորապես տարեցտարի փոխանցվող մնացորդը նվազագույնի է հասցվել։

«Մենք նաև շնորհակալություն ենք ստացել կատարած աշխատանքի համար: Կան տեխնիկական խնդիրներ, որոնք արդեն շտկված են: Անցյալ տարի բյուջեի բոլոր մասերով աուդիտ ենք անցկացրել՝ լինի դա եկամուտների, թե մրցույթների խնայողության արդյունքների: Այս բոլոր ֆինանսները նախագծերով նախատեսված են եղել, և վերջնարդյունքում այս տարվա փոխանցվող մնացորդը կազմել է 455800 լարի, որը շատ չնչին գումար է և բյուջեի համար էական խախտում չի համարվում»,- ասաց Կարեն Մերգելյանը։

Այնուհետեւ արդյունքները ներկայացրել է քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետը։ Առաջարկությունները վերաբերում էին Օգնություն գյուղին ծրագրին (ՕԳԾ): Աուդիտը նշել է, որ այս ծրագրով նախատեսված բազմաթիվ ծրագրեր չեն ավարտվել, և որ գումարները արդյունավետ չեն ծախսվել: Ենթակառուցվածքի ծառայության պետ Արա Մովսիսյանը պատգամավորներին ասաց, որ ՕԳԾ-ով բոլոր անավարտ ծրագրերն արդեն հաշվի են առնվել այս տարի ավարտին հասցնելու համար։

Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը նշեց, որ աուդիտի արդյունքում մի քանի նկատողություններ են եղել, այդ թվում՝ գյուղերում աղբահանության բաժանորդների տվյալների բազայի բացակայության պատճառով, ուստի քաղաքապետարանն աշխատում է տվյալների բազայի ստեղծման վերաբերյալ և այս գործընթացը կավարտի մինչև տարեվերջ։ Երկրորդ հարցը, որի առթիվ եղավ նկատողություն, վերաբերում էր տոնավաճառների շահագործմանը, որից քաղաքապետարանը եկամուտ չի ստանում։ Փամբուխչյանի խոսքով, այսօր քաղաքապետարանը փաստաթղթավորում է մշակում պայմանները բարելավելու և տարածքը վարձակալության հանձնելու համար։ Երրորդ հարցը վերաբերում էր անասնաշուկայի համար նախատեսված տարածքին, որը բարեկարգվել է և չի օգտագործվում։ Այս պահին ծառայությունն աշխատում է շուկան աճուրդով վարձակալությամբ փոխանցելու փաստաթղթերի վրա։

Հանձնաժողովների նիստին ներկա էին նաեւ Ախալքալաքի քաղաքապետարանի վերստուգիչ ծառայության ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնի դարձավ, եթե նախկինում պետական աուդիտը միայն խորհուրդ էր տալիս իրականացնել իրենց կողմից տրված այս կամ այն հանձնարարականը, ապա այժմ վերահսկում է դրանց կատարումը Ախալքալաքի քաղաքապետարանի աուդիտի միջոցով։

«Աուդիտորական ծառայությունը չէր մշտադիտարկում հանձնարարականի կատարումը, ավելի ճիշտ՝ մասնակիորեն էր անցկացնում մոնիթորինգ: Մենք առաջնորդվում ենք «Վրաստանի պետական ներքին ֆինանսների վերահսկողության մասին» օրենքով: Մենք պետք է ապահովենք, որ տրված հանձնարարականները կատարվեն։ Անցկացնենք մոնիթորիկներ՝ ապահովենք, որ այդ առաջարկությունները կատարվեն ժամանակին: Առաջարկությունների կատարման մոնիթորինգի համար՝ նվազագույնը 3 ամիս է, առավելագույնը 6 ամիս, այսինքն՝ պետք է ապահովենք, որ այդ առաջարկությունները կատարվեն»,- ասում է Աուդիտի ծառայության ղեկավար Արտաշես Աբգարյանը:

Հիշեցնենք, որ Պետական աուդիտի ծառայությունն անցկացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության աուդիտ, որի արդյունքում տարբեր ոլորտներում թերություններ են հայտնաբերվել։