Երեկ՝ փետրվարի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Տերիտորիալ-տարածքային պլանավորման հանձնաժողովը, Սպասարկման կենտրոնի ղեկավարության հետ քննարկել է Կենտրոնում ընդգրկված բոլոր ծառայությունների աշխատանքի ծավալը և դրանց միավորման հնարավորությունները։
2020 թվականին մունիցիպալիտետի աշխատանքի աուդիտորական ստուգումից, և ոչ կոմերցիոն, շահույթ չհետապնդող իրավաբանական կազմակերպությունների միավորման վերաբերյալ Պետական աուդիտի ծառայության հանձնարարականից հետո, Սակրեբուլոն սկսեց հանդիպումներ այդ կազմակերպությունների հետ։ Առաջին հանդիպումը կայացել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի հետ։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում կա 4 ծառայություն՝ սանմաքրում, ջրամատակարարում, կանաչապատում և լուսավորություն։
Պատգամավորները քննարկել են տարվա կտրվածքով յուրաքանչյուր ծառայության համար հատկացված գումարը՝ համեմատելով աշխատավարձային ֆոնդը տարվա ընթացքում անցկացվելիք աշխատանքների հետ։ Օրինակ, պատգամավորների տեղեկատվության համաձայն, կանաչապատման ծառայությունը տարեկան տեղական բյուջեից ստանում է մոտ 43000 լարի աշխատավարձ, որպեսզի տարեկան իրականացնի 6000 լարիի աշխատանքներ։ Որքանո՞վ արդյունավետ է աշխատակիցների այդքան մեծ կազմ պահելը, այդքան գումար վճարելը, եթե այդ աշխատանքները կարելի է կատարել տենդերի միջոցով, և բավականին մեծ գումարներ խնայել։
Սպասարկման կենտրոնի Ջրամատակարարման ծառայությունը սպասարկում է մունիցիպալիտետի 28 գյուղի։ Ծառայության աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձերի վրա տեղական բյուջեից ծախսվում է ավելի քան 30 հազար լարի, սակայն ամբողջ անցած տարվա ընթացքում Ծառայությունն իրականացրել է 500 լարիի չափով աշխատանքներ։
Լուսավորության ծառայության համար տարվա կտրվածքով հատկացվել է 63 620 լարի, որից 44 000-ը միայն աշխատողների աշխատավարձի համար է ծախսվում։
Սանմաքրման ծառայության համար հատկացվել է ավելի քան 250 հազար լարի։ Քննարկվել է ձմռան շրջանում չաշխատող, սակայն ամբողջ տարին աշխատավարձ ստացող հավաքարարների աշխատավարձերի հարցը։
Պատգամավորները նպատակահարմարությունը քննարկել են յուրաքանչյուր առանձին դեպքում։
«Մենք մտածում ենք, թե ինչպես ճիշտ ծախսել հատկացված գումարները, եթե մի ծառայություն լավ չի աշխատում, կամ ինչ-որ ծառայությունում շատ աշխատակիցներ կան, տեղափոխենք նրանց այլ ծառայություն։ Բացի այդ, առաջարկում ենք նամակով դիմել քաղաքապետարան, որպեսզի ունեցած տեխնիկան վարձակալելու թույլտվություն տան, սա լրացուցիչ եկամուտ է, որը կլուծի բազմաթիվ այլ խնդիրներ։ Այսօրվա մեր քննարկումը մենք կներկայացնենք քաղաքապետարան, սակայն առաջնահերթությունը մնում է քաղաքապետարանին։ Մենք կոնկրետ ոչինչ չենք գրի, այլ պարզապես մտքեր ու գաղափարներ ենք տալիս։ Ես չեմ ասում, որ մարդկանց ազատեք: Որտեղ հնարավոր է, միավորեք, մարդկանց մի՛ ազատեք, նրանց ուրիշ աշխատանք տվեք, աշխատանքի ծավալ տվեք, որ զբաղված լինեն»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։