Նոյեմբերի 3-ին ժամը 15:00-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում «Քաղաքացիական բյուջե 2023»-ի շրջանակներում ներկայացված գաղափարներից առաջնահերթ նախագիծ ընտրելու գաղտնի քվեարկություն կանցկացվի։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Քաղաքացիների ներկայացրած 4 նախագծերից քվեարկության են դրվել երկուսը` «Ինտերակտիվ գովազդային վահանակ Ախալքալաքի զարգացման համար» և «Ժամացույց»: Ինչպես նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ՝ նշված նախագծերը ֆինանսական, իրավական և տեխնիկական տեսակետից համապատասխանում են պահանջվող չափանիշներին։

Նշենք, որ հայտարարությունը չի տալիս այն նախագծերի մանրամասն նկարագրությունը, որը թույլ կտա ընթերցողներին կատարել իրենց ընտրությունը: Բացի այդ, հայտարարությունը տեղադրվել է նոյեմբերի 1-ի երեկոյան, այսինքն՝ ընտրությունից երկու օր առաջ։ Նախագծերի մասին լրացուցիչ տեղեկություններ չի տարածվել, իսկ ընդհանուր առմամբ տեղեկատվական քարոզարշավը, որը քաղաքացիական բյուջետավորման բաղադրիչներից է, սահմանափակվել է քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած հանդիպմամբ, որին մասնակցում էին հիմնականում տեղական իշխանությունների և ՀԿ-ների աշխատակիցներ՝ առանց մեծաքանակ շարքային քաղաքացիների մասնակցության։

Ինչպես նշեց «Քաղաքացիական բյուջետավորում 2023»-ի իրականացման պատասխանատու Մկրտիչ Մղդեսյանը, սկզբում նախատեսվում էր քվեարկությունն իրականացնել էլեկտրոնային քվեարկության եղանակով, սակայն հետո որոշվեց այն անցկացնել օֆլայն։

«Մենք չէինք կարողանա քվեարկությունն անցկացնել օնլայն, քանի որ պետք է ստուգեինք յուրաքանչյուր քվե, որպեսզի դրանք կեղծ էջերից չլինեին»,- նշեց Մղդեսյանը։

Jnews-ը որոշեց զրուցել քվեարկության առաջադրված նախագծերի հեղինակների հետ և պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում այս գաղափարները։

«Ժամացույց» նախագծի հեղինակ Շուշան Շիրինյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ իր նախագիծը ենթադրում է մեծ հատակադիր ժամացույցի տեղակայում քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի հուշարձանի մոտ։ Հնարավոր է և՛ ժամացույցի, և՛ ջերմաչափով ժամացույցի տարբերակը՝ սա թողնում է քաղաքապետարանի հայեցողությանը։ Նրա խոսքով, ժամացույցը օգտակար կլինի ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գյուղացիների համար, ովքեր գալիս ու գնում են այս տարածքից և հաճախ ժամացույցի կարիք ունեն։

«Մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, ինձ միշտ դուր են եկել նման ժամացույցները, դրանք գրավում են արցելուների ուշադրությունը, զարդարում քաղաքը: Եվ ես մտածեցի, որ մեր քաղաքում այն նույնպես գեղեցիկ կլինի»,- նշեց նա։

Երկրորդ նախագիծը՝ «Ինտերակտիվ գովազդային վահանակը», նույնպես նախատեսվում է տեղադրել քաղաքի կենտրոնում, հնարավոր է Մշակույթի տան պատին՝ մասնագետները պետք է ավելի մանրամասն որոշեն, որ արևը չվնասի էկրանը։ Ինչպես նշում է նախագծի հեղինակ Արմեն Իրիցյանի ղեկավարած «Էկո Լայֆ» հասարակական կազմակերպությունը, գովազդային վահանակի բովանդակությունը կարգավորելու է քաղաքապետարանը։

«Այնտեղ կարող եք ցույց տալ, թե ինչ է կատարվում մունիցիպալիտետում, օրինակ՝ վերջերս շախմատի մրցաշար ունեինք, ֆուտբոլի առաջնություն, այս ամենը կարող էինք ցուցադրել էկրանին, մեր բնակիչները, մեր երիտասարդները կհետաքրքրվեն, ուզում ենք, որ մարդիկ տեսնեն՝ ինչ է տեղի ունենում մունիցիպալիտետում»,- մեկնաբանեց ծրագրի նախաձեռնողներից մեկը։

Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարան է ներկայացվել քաղաքացիների 4 նախաձեռնություն՝ քաղաքային ժամացույց, ինտերակտիվ գովազդային վահանակ, Փարվանա գետի մոտ լողափի կազմակերպում, Ախալքալաք քաղաքի մուտքի մոտակայքում դիտահարթակ։ Վերջին երկու նախագծերը մաղվել են հանձնաժողովի նախնական նիստում «տեխնիկական անհամապատասխանության» պատճառով։ Նշենք, որ նախագծերի հեղինակները չեն ստացել արձագանք իրենց գաղափարների վերաբերյալ և պաշտոնապես չեն ծանուցվել տեխնիկական որակազրկման մասին:

Այս տարվա օգոստոսից Ախալքալաքում իրականացվում է «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում հասարակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին:

Ըստ նախագծի՝ Ախալքալաք քաղաքում գրանցված և(կամ) փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարեկարգմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնությունների բյուջեն չպետք է գերազանցեր 30 000 լարին։

Jnews-ը հաջորդականորեն հետևել է ծրագրի իրականացման ընթացքին։ Նշենք, որ նախաձեռնության նպատակը ոչ այնքան ծրագրերի իրականացումն է, որքան տեղական իշխանությունների և բնակիչների միջև կապի հաստատումն ու քաղաքացիական մասնակցությունը։ Սակայն նման հաղորդակցություն նախագծի ոչ մի փուլում դեռ չի եղել։ Նախագծի մասին ի սկզբանե չէր հայտարարվել Ախալքալաքի կայքում ու ՏԻՄ-երի սոցիալական ցանցերում, այսինքն՝ քաղաքացիները հնարավորություն չունեին տեղեկանալու այդ մասին։ Բացի այդ, HEKS EPER-ի և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) ներկայացուցիչների հետ պոտենցիալ գաղափարների հանրային քննարկումների ժամանակ հանդիպման մասին տեղեկատվությունը նույնպես չէր տարածվել բնակչության շրջանում, ուստի դրան հիմնականում ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները: