Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է: Այն հիշատակում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա պտղատու ծառեր աճեցրեց, ջրհեղեղի իրողությունը, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրությունն ու փարիսեցիների հանդիմանությունը: Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: 10 կույսերի հիշատակության ժամերգություն կատարվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում։

4

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հայր Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը կատարեց ժամերգության կարգ։ Տասը երիտասարդներ, խորհրդանշելով տասը կույսերին, վառվող մոմերով կանգնեցին Ավետարանի առջև: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր էին, իսկ մյուս հինգի ձեռքին՝ հանգած:

«Ավագ երեքշաբթի հիշատակում ենք 10 կույսերին, Քրիստոսի պատմած առակի խորհուրդն է, որ իմաստուն կույսերը իրենց հետ իրենց լապտերներին ձեթ էին վերցրել, երբ որ փեսան պետք է գար, դիմավորեին, փեսան լույսը տեսներ և մոտենար, և այն կույսերը, ովքեր որ չէին վերցրել ձեթ՝ հիմարացան։ Առակի մեջ խոսքը այլաբանորեն է, նկատի ունի մարդու իմաստությունը։ Մենք միշտ աղջիկների ենք արել կույսերը, նաև եկեղեցական ավանդության մեջ կա, որ տղաներ են լինում, այդ իսկ պատճառով այս տարի որոշեցինք, որ մեր խորան բարձրացող դպիրները լինեն։ Այստեղ էականը ոչ թե տղաների կամ աղջիկների խնդիրն է, այլ իմաստության, որ մարդու իմաստությունը Աստծո կողմից տեսանելի լինի, և երբ որ Աստված գա, իմաստուններին ավելի տեսնի իր պատվիրանների մեջ, իր օրհնությունը բաշխի և առհասարակ գովերգվի մարդու իմաստությունը»,- ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

1

«Առակում հինգ իմաստուն և հինգ հիմար կույսեր գնում են փեսային դիմավորելու։ Հինգ իմաստուն կույսերը իրենց հետ ձեթ վերցրին, իսկ հիմարները՝ ոչ։ Երբ լամպի ձեթը վերջացավ, հիմարները գնացին ձեթ գնելու։ Հենց այդ ժամանակ եկավ փեսան, և հինգ իմաստուն կույսերը նրա հետ հարսանիքի սրահ մտան, իսկ դուռը փակվեց նրանց ետևից։ Երբ հիմար կույսերը եկան, խնդրեցին բացել դուռը, փեսան պատասխանեց, որ նրանց չի ճանաչում՝ հավելելով. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25։13)։

6

Առակում հիշատակվող տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և՛ չար ու անիրավ, և՛ բարի ու արդար մարդիկ: Իմաստունները նրանք են, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով արժանանում են Աստծո ողորմածությանը: Հիմարները ձգտում են մարմնավորի ու զրկվում հոգևորից:

5

Առակում լապտերը ճանապարհն է ցույց տալիս, յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Իսկ կուսությունը խորհրդանշում է Երկնքի արքայության ճանապարհը: Հիմարները վերցրին լապտերները, բայց ոչ ձեթը, ինչը խորհրդանշում է մարդու մարմինն առանց բարի գործերի: Թեև նրանք էլ արհամարհել էին հաճույքները, հրաժարվել աշխարհից, սակայն յուղ՝ ողորմություն չունեին, ուստի և Երկնքի արքայության դուռը փակվեց նրանց առջև, արժանացան Աստծո մերժմանը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթեոս 25:12):

Իսկ իմաստունների արարքը խորհրդանշեց մարմնականի և հոգևորի միասնությունը: Փեսան առակում խորհրդանշում է Տիրոջը, փեսայի գալը՝ Նրա երկրորդ Գալուստը։

3

Վա՛ռ պահենք մեր հոգու լապտերները, քանզի անհայտ է Տիրոջ երկրորդ Գալստյան օրը։ Լինենք ողորմած, որպեսզի երբ Տերը գա, չլինենք հանգած լապտերով, թեկուզ և ճիշտ և քրիստոնեական ճանապարհի վրա լինենք»: