Ապրիլի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին Զատկի Ճրագալույցն է նշում:
Ավագ Շաբաթը Հիսուս Քրիստոսի հուղարկավորության հիշատակին է նվիրված: Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն ավանդում է Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:
Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Քրիստոսը Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ, քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը»: Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը:
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը: