5-7 տարի առաջ Բուռնաշեթ գյուղի բնակիչների կողմից կառուցված Ջեռուլի եկեղեցու հարևանությամբ գտնվող տաղավարը խախտում է օրենքը, քանի որ այն գտնվում է մշակութային օբյեկտի ֆիզիկական պաշտպանության գոտում, սակայն եկեղեցու մշակութային հուշարձանի կարգավիճակ է շնորհվել 2019 թվականի հուլիսի վերջին:

Ինչպես հայտնում են Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունից, XIII-XIV դարի Ջեռուլի եկեղեցին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ ստացել է 2019-ի հուլիսի վերջին, այսինքն՝ երբ Facebook-ի օգտատեր Կուկուրի Մետրևելին տաղավարի ֆոնի վրա տեղադրել էր եկեղեցու լուսանկարները և կատարել գրառում այն մասին, որ նա անցած տարի դիմել էր Գործակալությանը, և ոչ մի միջոց չի ձեռնարկվել:

Հուշարձանի կարգավիճակը շնորհելուց հետո գործակալությունը 6 ամիս կուսումնասիրի օբյեկտի մշակութային և պատմական արժեքը` տեղական կամ ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհելու համար:

«Կարող եմ ասել, որ արդեն օգոստոսին մենք կապահովենք, որ օբյեկտին տրվի հուշարձանի կարգավիճակ: Օբյեկտի կարգավիճակը նաև ապահովում է, որ այն պաշտպանվի որպես մշակությային կոթող, որպեսզի դրա տարածքում չլինեն այնպիսի շինություններ, որոնք խախտում են արտաքին տեսքը», – ասում է Բեքա Բարամիձեն՝ Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հանրության հետ կապերի ղեկավարը:

Ջեռուլի եկեղեցին ուխտատեղի է համրվում բոլորի համար, այստեղ մարդիկ մոմ են վառում, աղոթում, մատաղ անում (զոհաբերություն): Բուռնաշեթ գյուղի բնակիչները եկեղեցու հարևանությամբ՝ 5 կամ 7 տարի առաջ կառուցել էին տաղավար՝ արևից, անձրևից և քամուց պաշտպանվելու համար, սակայն նրանք զարմացած են, թե ինչու հենց հիմա բարձրացրին այս շինության օրինականության հարցը:

Բուռնաշեթցիների 5 տարի առաջ կառուցած տաղավարը պետք է ապամոնտաժվի

Չնայած այն ժամանակ, երբ բնակիչները կառուցում էին տաղավարը, եկեղեցին կարգավիճակ չուներ, այնուամենայնիվ, նրանք պիտի համաձայնեցնեին շինարարությունը համապատասխան կառույցների հետ, ինչպես ասում է Բեքա Բարամիձեն:

«Քանի որ սա մշակութային նշանակության օբյեկտ է, անհրաժեշտ էր հաշվի առնել որոշ հանգամանքներ: Սկզբից պետք էր պարզել` արդյո՞ք այս եկեղեցին կարգավիճակ ուներ, թե՝ ոչ, այնուհետև կազմել նախագիծը, ապա համաձայնեցնել այն Գործակալության հետ և ստանալ շինարարության թույլտվությունը», – ասում է նա:

Այժմ Գործակալությունը դիմել է Ախալքալաքի քաղաքապետարան՝ խնդրելով գտնել տաղավարի կառուցման համար պատասխանատու անձին, որպեսզի հետագայում նրան պատասխանատվության ենթարկեն, ինչպես նաև ապամոնտաժել այն, քանզի դա խախտում է օբյեկտի արտաքին տեսքը: