Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և Հայաստանում ոստիկանության շենքի վրա տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին, մարտի 25-ին, պաշտոնական այցով Հայաստան է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչ է քննարկվել պաշտոնական մակարդակով և ինչ հարցեր կարող են լինել օրակարգային տեսախցիկներից դուրս՝ ըստ փորձագետների:
Պաշտոնական մաս
Վրացի գործընկերոջն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում անդրադարձել է հունվարի 6-ին կայացած հանդիպումների արդյունքին, երբ տեղի էր ունեցել Միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը։ Այդ ժամանակ ստորագրվել էին իրագործման հռչակագրեր, որոնք նախատեսում են Վրաստանի և Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը։
«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր և անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունություն և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»,- իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը ողջունում է այն փաստը, որ անցյալ տարի Վրաստանը ձեռք է բերել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև՝ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա: Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին: Այսօրվա հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մեր ընկալումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը: Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները: Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ արդեն իսկ հայտնի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա, այն է՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն: Վերջինի կապակցությամբ կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը։ Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին: Ամփոփելով՝ ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար», – հայտարարել է ՀՀ վարչապետը։
Իր հերթին, Վրաստանի վարչապետի պաշտոնում իր առաջին այցը Հայաստան կատարած Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
«Պետք է ասեմ, որ մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ունեցել, ստորագրել ենք Համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել մեր հարաբերությունները: Նպատակն է՝ խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա, արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին: Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունը իմ գործընկեր՝ վարչապետ պարոն Փաշինյանին, ով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Ես ևս առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և կիսում եմ իմ գործընկերոջ կարծիքն առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մենք, իհարկե, խոսեցինք տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ տարբեր ձևաչափերով: Քաղաքականության մակարդակով՝ տրանսպորտ, էկոնոմիկա, զբոսաշրջություն, այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա, դա շատ կարևոր է»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ելույթում աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը։
«Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին, ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանի առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում, և մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և շոշափելի համաձայնագիր կլինի: Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- նշել է Կոբախիձեն:
Փորձագետի կարծիք
Փորձագետ քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով՝ այս լարված ժամանակներում այցի անհրաժեշտությունը կար: Ավելին, նրա կարծիքով, Հայաստանում իրավիճակն այնքան էլ լուրջ չէր, որ սրա պատճառով չեղարկվեր նախատեսված այցը։
«Այն, որ երեկ ահաբեկչություն եղավ, շատ ողբերգական է, բայց սա ծրագրված այց է, Կոբախիձեն դարձել է վարչապետ, վերջերս Բաքվում էր, հիմա գնացել է Երևան, եթե այնտեղ արտակարգ իրավիճակ լիներ, ապա կչեղարկվեր, իսկ քննարկելու լիքը բան կար: Ավելին, իրավիճակը գնում է դեպի տարածաշրջանի վերաֆորմատավորում, կան բազմաթիվ նոր նախաձեռնություններ, շատ նոր բաներ, և մասնավորապես, օրինակ, նախաձեռնությունն ընդհանուր տնտեսական գոտիների ստեղծումը, որտեղ կհամագործակցեն վրացական, հայկական և ադրբեջանական բիզնեսները, ի դեպ, նման գոտիները կարող են լինել ինչպես Քվեմո Քարթլիում, այնպես էլ Սամցխե-Ջավախքում, շատ հետաքրքիր կլիներ, անվտանգության հարցերում շատ բան կա, մենք գիտենք շատ լավ, թե ինչ իրավիճակ է հիմա աշխարհում, երկկողմ հարաբերությունների զարգացման և նոր եռակողմ ձևաչափի ձևավորման հարցերին: Այս պահին հարաբերությունները կզարգանան լոգիստիկայի, բիզնեսի, տնտեսության և այլ ոլորտներում։ Սա մի իրավիճակ է, երբ կան նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, որոնք ծառացած են առաջնորդների առջև, որոնց հետ կապված Ռուսաստանը փակ է, ուստի դրանք կլինեն տրանսպորտային միջանցքներ, ինչպիսիք են Հյուսիս-Հարավը, նաև Հարավ-Արևմուտքը և այլն»,- ասում է փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեն։