Այսօր՝ մարտի 24-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Գարնան զարթոնքն ազդարարող տոնին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ։

Ծաղկազարդին բաց պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները:

caxkazard

Այս օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:

Օրհնված ուռենու ոստերը քրիստոնյա հայերը պահպանում են ողջ տարին՝ մինչև մյուս Ծաղկազարդ: Այս տոնն իրականում ունի նախաքրիստոնեական արմատներ և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում: Հնում հայերը ծաղկազարդին զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով:

Մինչ օրս պահպանված ավանդույթի համաձայն Ջավախքում երիտասարդ տղաները գիշերը գնում են եկեղեցի, և նա, ով առաջինն է հասնում, հնչեցնում է զանգը: Իսկ, ով առաջինն է հասնում զանգին, տարին իրենն է համարվում: